Եթե հարուստներն իմանային Կապանի թատրոնն ինչ կարիքներ ունի…Հրաչյա Գասպարյան

Spread the love

Արդիական խնդիրներ, սեփական կաշին փրկելու և սեփական շահի համար մյուսին ոչնչացնելու մոլուցք, քաղաքակրթություն, քաղաքականություն և կենցաղ,այս ամենն արտացոլվում է լեհ արձակագիր, դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Բաց ծովում» պիեսում։ Հիմքում այն գաղափարն է, որ թե՜ «քաղաքակրթություն» կոչվածը, թե ՜ բոլոր «կուսակցություն» կոչվածները մի բանի համար են ծառայում՝ ճնշել, ոչնչացնել մարդուն։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանն այս պիեսը բեմադրում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի Կապանի կուրսի ուսանողների հետ։
Եթե հարուստներն իմանային Կապանի թատրոնն ինչ կարիքներ ունի...Հրաչյա Գասպարյան
«Ըստ Մրոժեկի, դեռ չի ստեղծվել այն կառույցը, որը մարդու համար է, եթե ասում ենք «դեմոկրատիա» և հասկանում, որ միասեռականներին պետք է տանք ճանապարհ՝ ես շատ քիչ եմ հավատում այդ «դեմոկրատիային», եթե «դեմոկրատիան» պետք է բերի մեկին հարստացնի, ինչքան հնարավոր է, իսկ մյուսին աղքատացնի՝ ես չեմ հավատում էդ «դեմոկրատիային»։ Ոչ միայն ես, այլև աշխարհի այն բոլոր մարդիկ, ովքեր կուշտ են այդ «դեմոկրատիայից», որը զոռով փաթաթում են մարդկանց վզին»,-ասում է ժողովրդական արտիստը։

Սա Կապանի կուրսի դիպլոմային աշխատանքներից մեկն է, որում հիմնականում աղջիկներն են ընդգրկված։ Տղաները՝ մեկ այլ պիեսում են զբաղված։ Բեմադրիչը շատ է կարևորում Կապանի երիտասարդ դերասանների շնորհալիությունն ու ներուժը։
Եթե հարուստներն իմանային Կապանի թատրոնն ինչ կարիքներ ունի...Հրաչյա Գասպարյան
«Իսկապես շատ շնորհքով երեխեք են, երևի վերջին տարիներին իմ հանդիպած լավագույն երեխեքն են հավաքված, շատ ափսոս, որ մի քիչ անտեսված են, որովհետև մի քանի հոգի վարձը դժվարանում են տալ, իսկ ես գիտեմ, որ այս քաղաքում մեծահարուստներ շատ կան , որոնց երևի չի հետաքրքրում ապագան։ Իսկ այս երեխաներն այս թատրոնի և քաղաքի ապագան են։ Ոչ թե միայն շնորհքով և տաղանդավոր են, այլև ուսյալ։ Անպայման թատրոնը կապրի ի շնորհիվ այս երեխաների»։

Թատրոնն առանց երիտասարդների թատրոն չէ, այլ «կիսագերեզման», ասում է պրոֆեսորը, և շեշտում, որ դերասանի արվեստը խոսքի և շարժման մեջ փնտրող ուսանողները թատրոնի խաղացանկի գրեթե բոլոր պիեսներում ընդգրկված են և ոչ միայն թատրոնին են նոր շունչ բերում , այլև ստիպում են նորովի «շնչել» մեծահասակներին։

«Ինձ համար կարևոր է, որ այս քաղաքի հարուստներն իմանային ինչ կարիքներ կան։ Այ հիմա այս բեմադրությունն անում ենք, բայց փող չունենք, անելու ենք ինչ հնարավոր է մեր կողմից, իսկ կարող ենք անել այնպիսի ներկայացում, որ հիշվի շատ երկար և նույնիսկ , մասնակցի փառատոնների»,-նշում է Հրաչյա Գասպարյանը։

Իր հերթին մայրաքաղաքի թատերաշխարհին հայտ է ներկայացնում ժողովրդական արտիստի կուրսն ավարտող ռեժիսոր Գալուստ Ներսիսյանը, ով իր դպլոմային աշխատանքը որոշել է մարմնավորել հենց այս թատերախմբի հետ։
Եթե հարուստներն իմանային Կապանի թատրոնն ինչ կարիքներ ունի...Հրաչյա Գասպարյան
«Պիեսը Աստրովսկու «Ամպրոպն» է, աշխատանքները երկուշաբթի օրվանից կսկսենք, դասական բարդագույն գործերից է ։ Եվ այն թյուր կարծիքը, թե արդյոք Կապանի դերասանները պատրաստ են այդպիսի բարդ կերպարներ կերտելու, ես պատրաստ եմ ապացուցելու և հայտ ներկայացնելու Երևանի թատրոններին, որ այո, Կապանի երիտասարդ ուժերով կարող ենք հասնել լավագույն արդյունքի»,-ասում է երիտասարդ ռեժիսորը։

Միանգամից մի քանի պիեսների վրա աշխատող թատերախումբը դժվարություններից չի վախենում, 80-ամյա պետթատրոնը կայտառ է իր երիտասարդ ուժերով և մտադիր է այս տարի հաճելի պահեր պարգևել թատերասերներին։