Լիահույս սպասում ենք դպրոցի հիմնանորոգմանը.Մարինա Նահապետյան

Spread the love
Լիահույս սպասում ենք դպրոցի հիմնանորոգմանը.Մարինա Նահապետյան

Ուսումնական տարին թեև չի ավարտվել, սակայն մեկ կիսամյակում ունեցած հաջողություններն ու ակտիվությունը Կապանի արվեստի մանկական դպրոցի համար ևս բավարար արդյունք են համարվում։ Հատկապես, երբ երաժշտական ասպարեզն իրենով առավել շատ հետաքրքրվողներ ունի. սաների թիվն է ավելացել ։

«Անցած տարի բավականին աշխատանքներ կատարեցինք, սեպտեմբերին ընդունեցինք 138 երեխա, ճիշտ է, 4 մաղում ենք ունեցել, հունվարից արդեն 134-ն են հաճախում։ Երեխաների աճը զգալիորեն երևում է»,-ասում է կրթօջախի տնօրեն Մարինա Նահապետյանը։

Թեև փողային բաժինն այժմ չի գործում, սակայն այդ բացը լրացնում է վերաբացված լարայինը։ Իսկ սեպտեմբերից, դպրոցում փոքրիկների համար լայնորեն կբացվեն թատերարվեստի դռները։ Այդպիսի փորձ կրթօջախն արդեն ունեցել է, բեմադրելով մանկական «Մկնիկ հարսնացուն» երաժշտական ներկայացումը։ Դպրոցի ակտիվությունը պարարվեստի և կերպարվեստի սաներն են ապահովում, այս բաժիններում, բնականաբար, աշակերտները շատ են։ Վերջիններս ակտիվ են նաև առաջադիմության հարցում։

«Մասնակցեցինք «Մեկ դար և ավելի» խորագրով միջազգային մրցույթ-փառատոնին և հաղթեցինք։ Կերպարվեստի բաժնի երեխաներն էին իրենց նկարներով, նրանց աշխատանքները շատ հավանեցին մայրաքաղաքում և սա մեծ հաջողություն էր մեզ համար»,-հավելել է տնօրենը։

Այս կիսամյակում անելիքներն ավելի շատ են . և՛ միջոցառումներն են տարաբնույթ, և՛ մրցույթներն՝ առավել լուրջ։

«Մենք ինչպես միշտ, պետք է ներկայացնենք մեր քաղաքն ու դպրոցը Գյումրու «Վերածնունդ» միջազգային փառատոնին,ինչու չէ նաև հաղթենք։ Նաև «Աջակցություն» հիմնադրամի ստեղծագործական մրցույթին ենք պատրաստում պարարվեստի սաներից մեկին, ով ասմունքով ևս հանդես կգա։ Պլաններում է նաև «Երգող Հայաստան» երգչախմբերի մրցույթի և համաքաղաքային Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների մասնակցությունը»։

Տնօրենի համար մեծ նշանակություն ունի վարչապետի հետ կայացած վերջին հանդիպումը, որի ընթացքում իրեն հաջողվել է դպրոցի հիմնանորոգման հարցն առաջնահերթ լուծում պահանջողների շարքին դասել։ Վարչապետի խոստմանը հույսով են սպասում անգամ կրթօջախի խունացած պատերը։

«Աշխատանքներն արդեն տարվում են, ուզում ենք կապիտալ նորոգել դպրոցը, որովհետև շուրջ 30 տարի է ոչինչ չի փոխվում այստեղ, ինչպես տեսնում եք անմխիթար վիճակում է»։

Ինչևէ, այսուհետ վիճակին մխիթարանք կա. տնօրենը, վառարանով ջեռուցվող,կիսամութ ու կիսալքված շենքի ողջ անձնակազմի հետ միասին լիահույս է,որ տարեվերջին դպրոցը բոլորովին այլ տեսք է ունենալու։