Սնոտիապաշտությունը դեմ է Աստծուն

Spread the love

Սնոտիապաշտությունը դեմ է Աստծուն
Մեր կենցաղում տարածված է հավատալ նախանշանների, պաշտպանվել չար ուժերից, աչքուլունքներ կրել և դիմել բախտագուշակների։ Սրանք դարեդար կրկնկակոխ մեզ հետևում են ամեն քայլափոխի, մինչդեռ եկեղեցու վերաբերմունքը սնահավատությունների նկատմամբ, միանշանակ, դրական լինել չի կարող։

«Սնահավատությունը՝ սին, դատարկ և հավատ բառերից է կազմված և մենք , փաստորեն հավատում ենք ինչ-որ ոչնչությունների կամ դատարկ բաների։ Եկեղեցու վերաբերմունքը միանշանակ բացասական է, որովհետև եկեղեցին աստվածապաշտություն է քարոզում, այլ ոչ հավատ ինչ-որ առարկաների հանդեպ։ Մարդիկ չկարողանալով որոշակի բացատրություններ տալ այդ ամենին, փորձում են պաշտպանվել և ի վերջո, սնահավատության թիկունքում թաքնված է մարդկային վախը, մենք փորձում ենք մեր վախը հաղթահարել, նման կերպով մխիթարվելով ինչ-որ երևույթներով»,-ասում է Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը։
Սնոտիապաշտությունը դեմ է Աստծուն
Նույն պահին, երբ քահանա Հեբոյանը պատմում էր առօրյայում հանդիպող սին երևույթների մասին, որոնց մենք նշանակություն ենք տալիս առանց գիտակցելու դրանց դատարկությունը, եկեղեցու բակում հայտնվեց այս գեղեցկուհին, ով միգուցե շատերի աչքի փուշն է միայն այն պատճառով, որ սև մորթով է պատված։

«Օրինակ , եթե կատուն անցնում է մեր առջևով, փորձում ենք շեղվել և նրա կողքով չանցնել, երբ տանը սեղանին աղ է թափվում, խաչ ենք անում, որ կռիվ չլինի,հավատում ենք ինչ-որ իրերի, նշանների, աչքի ուլունքների, երբ նորածին մանկան սնարի մոտ կամ թևից աչքի ուլունքներ են կախում, որ աչքով չտան։ Բայց այդ ամենի փոխարեն եկեղեցին մեզ հորդորում է աղոթել։Եթե մենք գիտենք պաշտպանվել չար աչքից, չար լեզվից, եկեղեցին ամեն օր աղոթք է անում պահպանելու մեզ երևելի և աներևույթ թշնամիներից»։
Սնոտիապաշտությունը դեմ է Աստծուն
Տեր Վահան քահանա Հեբոյանը շեշտեց, ամեն քրիստոնյա մկրտվելով, արդեն իսկ պաշտպանված է, սակայն մարդիկ Աստծո պաշտպանությունը փոխանակում են ինչ-որ երևույթներով։ Վերջինս նկատել է, եկեղեցու ներսում անգամ մարդիկ չեն մոռանում իրենց սնոտիապաշտությունը։

«Կապանում շատերը գալիս են եկեղեցի և մոմը վառում են լուցկով, երբ հարցնում ենք, ինչու՞ ես մոմը վառում լուցկով, ասում են. «Իսկ ի՞նչ իմանամ,ուրիշը ի՞նչ մտքով է վառել», այ էդ մոտեցումը, որ ուրիշն է վառել, դա մեր թերություններ է, մեր ազգային ցավն է , որովհետև էդ ուրիշը ուրիշ չէ, իմ քույրն է, իմ եղբայրն է, քրիստոնյա է վերջապես»։

Իսկ թուղթուգրերի, սուրճի բաժակ նայելու, գուշակությունների, մոգությունների ու կախարդությունների մասին խոսելիս՝ քահանան շեշտեց, որ նշված երևույթները Աստծո համար խիստ ատելի և պիղծ են։

«2-րդ Օրինաց 18 –րդ գլխի 10-ից 12 համարներում հստակ ասվում է, որ նրանք, ովքեր կախարդների մոտ են գնում, պիղծ են աստծո առաջ։ Իմ կոչն է ժողովրդին, որպեսզի շատ ավելի սթափ գտնվենք և ավելի հավատքով զորանանք։ Խորենացին իր «Ողբ»-ում գրել էր, որ մենք վերցրել ենք աստվածպաշտության կերպարանք, բայց Աստծուն իսպառ ուրացել ենք, այդպես էլ նաև մենք, քրիստոնյա անունը միայն չկրենք, այլ ապրենք և Քրիստոնեությունը մուտք գործի մեր կենցաղ , մեր ընտանիք, աղոթքն անբաժան լինի մեզանից, այն ժամանակ սնահավատությունը կփոխվի աստվածապաշտության »։

«Ում հավատում ենք, նրան էլ ծառայում ենք»,- իր խոսքում շեշտեց քահանան և ստացվում է, որ մենք գուցե նաև անզգուշորեն,փոքր ինչ դավաճանում ենք ինքներս մեզ ու մեր հավատքին և փոխարինում այն անիմաստ ու դատարկ առարկաներով։ Հատկապես կանանց, քահանան խորհուրդ տվեց հեռու մնալ ապագան իմանալու գայթակղությունից, նշելով, որ դրանք ծագում են հավատի թուլությունից ։ «Մենք ավելի շատ պետք է վախենանք մեր ներքին մարդուց» , -իր խոսքը եզրափակեց Տեր Վահան քահան Հեբոյանը։