Բանակի 23-րդ տարեդարձը շնորհավորում են թիվ 9 ավագ դպրոցի աշակերտները

Spread the love

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը շնորհավորելուց անմասն չէին մնացել նաև աշակերտները: Հանրակրթական տարբեր հաստատություններում օրվան նվիրված միջոցառումներ էին կազմակերպվել: Թիվ 9 ավագ դպրոցի աշակերտները բանակի կազմավորման պատմությունը ներկայացրին՝ սկսած ակունքներից՝ ֆիդայական շարժումներից: Կորցրած պետության ժամանակաշրջանում թշնամուն հանդուրժելը, լռելը հավասարազոր էր կորստյան, և հենց այդ ժամանակ ծնունդ առան հայդուկները՝ ժողովրդական վրիժառուները: Նրանք մշակել էին կյանքի իրենց բանաձևը՝ հայրենիքի ազատության համար պայքարել մինչև վերջ:

Հայաստանի ազգային-ազատագրական պայքարը, արցախյան գոյամարտը հայությանը ստիպեց փրկության տարբեր ճանապարհներ փնտրել: Մի մասը բռնելով գաղթի ճանապարհը լքեց վտանգված հայրենիքը, մյուսները գերադասեցին պայքարն ու սեփական երկրի ազատությունը: Հենց այդ օրհասական պահին ֆիդայինների արժանի հետևորդները եղան երկրապահները:

Այսօրվա երիտասարդ հայոց բանակը հենց նրանց շարունակությունն է: Բանակ, որը ծնվեց մարտի դաշտում, կռվի թոհ ու բոհում, դարձավ նորանկախ Հայաստանի Հանրապետության վահանն ու լինելության խորհրդանիշը:

Հանրակրթական դպրոցներում Հայոց բանակի ստեղծմանը նվիրված միջոցառումների կազմակերպումը նպաստում է մեր մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Լսելով այս երեխաներին, հասկանում ես, բանակում դեռ չծառայած պատրաստի զինվորներ են,- կարծում է տարիների փորձ ունեցող մայոր Կարեն Գևորգյանը: Մեր հակառակորդը այսօր վախ է ապրում, քանի որ մեր սահմանները գտնվում են հուսալի ձեռքերում,- ասում է սպան և հպարտությամբ ավելացնում. մեր զինվորները դա բազմիցս են ապացուցել:

Լիլիթ Գևորգյան