Հրատապ քայլեր Քաջարանի ԲԿ-ում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործում

Spread the love

Հրատապ քայլեր Քաջարանի ԲԿ-ում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործում
Հրատապ քայլեր Քաջարանի ԲԿ-ում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործում22.01.15
Երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը վերադարձավ Քաջարանից և ներկայացրեց տեղում կատարած ուսումնասիրությունների վերլուծությունները։ Նախարարի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեց ստեղծված իրավիճակը և առաջացած խնդիրների լուծման նպատակով հրատապ միջոցեռումներ իրականացնելու հարցը։

Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին 20 օր ժամանակ տվեց հանրապետության հիվանդանոցային ողջ ցանցում` առաջին հերթին վիրահատարաններում, գինեկոլոգիական, դիալիզի բաժանմունքներում, լաբորատորիաներում, վիրակապարաններում ու վարակազերծման կետերում մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնելու համար։ Միաժամանակ հանձնարարվեց ուշադրություն դարձնել, թե ինչպես է կազմակերպվում այդ ծառայությունները մատուցող բուժաշխատողների կանխարգելիչ բուժզննումը։

Նախարարը մեծ կարևորություն տվեց ինչպես ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների համապատասխանությանը գործող իրավական ակտերին և նորմատիվներին, այնպես էլ` հիվանդանոցների որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովների գործունեությունը։

«Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործընթացի և բժշկական ծառայությունների որակի պատշաճ վերահսկողության ապահովումը 2015 թվականի պետական պատվերի տեղադրման կարևոր պայման պետք է լինի։ Դրանց ապահովման համար պետք է գործեն հստակ մեխանիզմներ»,-ասաց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ այս քայլով հնարավոր կլինի էականորեն բարելավել հիվանդանոցային ծառայությունը։

Նախարարը հանձնարարեց երկու ամսվա ընթացքում նույն ուսումնասիրությունները շարունակել նաև ստոմատոլոգիական և պոլիկլինիկական ծառայություններում, լաբորատորիաներում` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարությանը և հիմնադիրներին։

«Կարևոր է, որ այս ուսումնասիրությունների արդյունքում վեր հանվեն առկա բոլոր խնդիրները և ներկայացվեն լուծման կոնկրետ առաջարկներ։ Դրանք պետք է հիմք ծառայեն «Հանրային առողջապահության մասին» օրենքի նախագծում նոր, առավել արդյունավետ ընթացակարգեր մշակելու համար»,-ասաց Արմեն Մուրադյանը։

Քննարկվեցին նաև բուժհաստատություններում ներհիվանդանոցային վարակների կանխագելման պատասխանատուների առջև խիստ պահանջներ դնելուն, նրանց իրազեկելուն և կրթելուն վերաբերող, ինչպես նաև այլ հարցեր։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. հոկտեմբերի 31-ի «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումների գնահատման, ռենտգեն կաբինետների օդի մշտադիտարկման և լաբորատոր հետազոտությունների իրականացման 2014 թվականի ծրագիրը հաստատելու մասին» թիվ 2544-Ա հրամանի համաձայն առողջապահության համակարգում այս ուղղությամբ առկա խնդիրները վեր հանելու և դրանք կանոնակարգելու նպատակով ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետները ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների գնահատման ուսումնասիրություններ են սկսել հանրապետության բուժհիմնարկներում։ Ուսումնասիրությունները նպատակ էին հետապնդում նաև վերլուծությունների հիման վրա նոր ընթացակարգեր մշակել «Հանրային առողջապահության մասին» օրենքի նախագծում։ Հաշվի առնելով, որ նախարարության գերակա այս ոլորտում անհրաժեշտ է ռադիկալ քայլերի իրականացում։

Ուսումնասիրությունների արդյունքում «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում լաբորատոր հետազոտությունների արդյունքում վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 60 նմուշից 13-ում (21.6%), ախտահանման որակի 60 նմուշից 5-ում (8.3%), մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 40 նմուշից 8-ում (20%) հայտնաբերվել էին շեղումներ: Այդ առթիվ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության կողմից վարչական վարույթ է հարուցվել։

Քաջարանի բժշկական կենտրոնում վիրահատված ութ հիվանդների մոտ լաբորատոր հետազոտություններով հաստատվել է հեպատիտ C-ով վարակվածություն։ Հետազոտությունների արդյունքների մասին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է հիվանդանոցի հիմնադրին` Սյունիքի մարզպետարանին: Փաստի առթիվ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, վիրահատարանները փակվել են։

Քննարկման արդյունքում Արմեն Մուրադյանը Արտավազդ Վանյանին հանձնարարեց այցելել Քաջարան և տեղում աշխատող հանձնաժողովի հետ հրատապ ստուգում իրականացնել, ինչպես նաև ախտահանում կազմակերպել։ Համոզվելով, որ իրականացված միջոցառումների արդյունքում բժշկական կենտրոնը զերծ է ներհիվանդանոցային վարակներից, իսկ բուժանձնակազմն անցել է համապատասխան բուժզննում` գրավոր թույլտվությամբ և անձնական պատասխանատվությամբ կազմակերպել վիրահատարանների վերագործարկումը` սահմանելով մշտական հսկողություն համաճարակաբանի մասնակցությամբ։ Ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացնել քննչական կոմիտեին։

Աղբյուրը՝ Առողջապահության Նախարարություն