6-ամսական Սերյոժայի վիճակը վատացել է

Spread the love

6-ամսական Սերյոժայի վիճակը վատացել է

Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Առողջապահության նախարարությունից: Խորացել է երիկամային և սրտանթային անբավարարությունը: Որոշվել է կատարել պերիտոնեալ դիալիզ:

Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը տեղի գործընկերների հետ շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Մասնագետները ջանք չեն խնայում երեխայի առողջական վիճակը կայունացնելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:
Աղբյուրը՝ NEWS.am