Ուրախալի լուր. Կապանի հանրակացարանի բնակիչները կմնան իրենց տներում

Spread the love
Ուրախալի լուր. Կապանի հանրակացարանի բնակիչները կմնան իրենց տներում

Կապանի Լեռնագործների թաղամասում գտնվող հանրակացարանում տարիներ ի վեր բնակվում են մարդիկ, ովքեր աշխատանքի բերումով են հայտնվել այստեղ և այդպես էլ չեն կարողացել իրենց սեփական օջախն ունենալ։ Սա է իրենց ընդհանուր տունը, միմյանց հետ հաշտ ու համերաշխ են, մտահոգ ընդհանուր հոգսով, այն է՝ օրերից մի օր չհայտնվել դրսում։ Այս հանրակացարանում առաջին բնակվողներից է տիկին Արևիկը։ 28 տարի է այստեղ է ապրում իր ընտանիքը և այսօր, բարեբախտաբար, վերացել է մտավախությունը, որ շենքի սեփականատերն իրենց անօթևան կթողնի։ Բանն այն է, որ Կապանի նախկին Լեռնահարստացման կոմբինատը սնանկանալու պատճառով 2005թ-ին աճուրդով վաճառել է բնակեցված հանրակացարանը, այնտեղ ապրող 12 ընտանիքներին անգամ տեղյակ չպահելով։ Սեփականատերն այս տարիներին համայնքին գույքահարկ չի վճարում՝ պատճառաբանելով, որ բնակիչները հրաժարվում են լքել բնակարաններն ու ինքը չի կարողանում տարածքն օգտագործել։ Կապանի քաղաքապետի ու մարզպետի ջանքերով խնդիրը բարձրացվել է և կառավարության աջակցությամբ տարածքը գնվելու և նվիրաբերվելու է բնակիչներին։

Նորությունով ոչ միայն իրենք են ուրախացել, այլև այս խնդրին տեղյակ բոլոր կապանցիները։ Բնակիչներն արդեն պատրաստվում են նորոգման աշխատանքներ ձեռնարկել, կարգի բերել կացարանները։ Սանհանգույցի խնդիրն է առաջնայինը. Ձմռանը ջրերը սառչում են, զուգարան ելումուտ անելն էլ ոչ միայն տհաճ, այլև վտանգաավոր է դառնում։

ՈՒ թեև ամենատարրական պայմաններն անգամ այստեղ բացակայում են, միևնույնն է, հարևանների ջերմությունը չի պակասում, իրար հասնում են, ինչքան կարողանում են։
Խնդիրները շատ են, թերևս դրանցից ամենակարևորը կառավարության աջակցությամբ լուծում կստանա։