Սկսվել է Արշավիր Խալափյանի գործով դատաքննությունը

Spread the love
Սկսվել է Արշավիր Խալափյանի գործով դատաքննությունը

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Արշավիր Խալափյանի ապօրինի կաշառք պահանջելու գործով դատաքննությունը: Մինչ դատաքննությանն անցնելը նախ պաշտպանական կողմը դատարանին դիմեց դատավորի ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությամբ, այն հիմնավորմամբ, որ իրենց ներկայացրած մի քանի կարևոր բողոքներ Նապոլեոն Օհանյանը մերժել է և դատավորի գործողություններն անկողմնակալ չեն, ունեն կանխակալ վերաբերմունք Արշավիր Խալափյանի հանդեպ: Նապոլեոն Օհանյանը խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո, որոշեց այս միջնորդությունը ևս մերժել,սկսել դատաքննությունը և խնդրեց դատախազին ընթերցել մեղադրական եզրակացությունը.

«Արշավիր Խալափյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, ստանձնելով Սյունիք համայնքի բնակիչներ Հ.Մարգարյանի ու Է Կարապետյանի շահերի պաշտպանությունը, վերջիններիս ենթադրյալ իրավունքների խախտման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին` համայնքի կոչվող վայրում համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի գերեզմանատեղեր ապօրինի հատկացնելու վերաբերյալ, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այնուհետև նշված քր. գործի նախաքննության ընթացքում` 2014թ-ի մարտին, Կապանի հյուրանոցային համալիրում հանդիպել է Ս.Սարգսյանի որդուն` Սարմեն Սարգսյանին և նրա հորն ի վնաս գործողություններ չկատարելու` նոր բողոքներ չներկայացնելու, ինչպես նաև իր վստահորդներին մոլորության մեջ գցելու պայմանով, Սարմեն Սարգսյանից ապօրինի պահանջել է 10.000 ԱՄՆ դոլլար: Բացի այդ, Արշավիր Խալափյանը ապրիլի 7-ին նախ որպես Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի 17շենքի բնակիչ գրավոր դիմել է Կապանի քաղաքապետարան` Աշոտ Կույումջյանի կողմից նշված հասցեին հարակից տարածքում ապօրինի շինարարություն կատարելու վերաբերյալ, իսկ ապրիլի 18-ին որպես ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, ՀԿ Սյունիքի մազային մասնաճյուղի նախագահ և Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, դարձյալ նույն նպատակով` հերթական դիմումն է ներկայացրել քաղաքապետարան, որից հետո 2014թ-ի մայիսի 1-ին վերոհիշյալ հյուրանոցային համալիրի թիվ 210 սենյակում հանդիպել է Ա. Կույումջյանին ու իր կողմից ներկայացված դիմումների ընթացքի վերաբերյալ գործողություններ չկատարելու, հետևողականություն չցուցաբերելու, նոր դիմումներիի չներկայացնելու համար Աշոտ Կույումջյանից ,որպես կաշառք, ապօրինի պահանջել է 1500 ԱՄՆ դոլլար:Այսպիսով, Արշավիր Խալափյանը , փաստաբան հանդիսանալով, Սարմեն Սարգսյանից և Աշոտ Կույումջյանից ապօրինի կաշառք է պահանջել, այսինքն կատարել է երկու դրվագ հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով>>,-իր խոսքը երզափակել է մեղադրող դատախազ Գարիկ Դանիելյանը:

Ամբաստանյալ Խալափյանը, սակայն, իրեն առաջադրված մեղադրանքներին համաձայն չէ և իրեն մեղավոր չի ճանաչում, ինչը հիմնավորելու է ցուցմունքի ժամանակ:

Ապացույցների հետազոտման կարգն անցկացնելու համար դատարանը կողմերին լսելուց հետո որոշեց սկսել վկաների հարցաքննությունը և, քանի որ առանցքային վկաներից Աշոտ Կույումջյանն ու այդ դրվագին առնչվող վկաները բացակայում էին, առաջինը ցուցմունք տվեց Սարմեն Սարգսյանը.

<< 2014 թվականի մարտին, անցնում էի <<Դարիստ>> հյուրանոցի մոտով և պատահական հանդիպեցւի Խալափյանին:Առաջարկեց բարձրանալ հյուրանոց և խոսել հորս՝ Սամվել Սարգսյանի դեմ տված իր հայցադիմումների մասին: Այնտեղ սեղանի շուրջ գրպանից հանեց դեղին քառակուսի կպչուն թուղթ և վրան գրեց 10.000 ԱՄՆ դոլլար, նշելով, որ եթե իրեն այդքան փող տամ, հետ կվերցնի բողոքն ու այնպես կանի,որ մյուս երկու հայցվորները ևս դադարեն անհանգստացնել հորս: Ես հետ տվի իրեն թուղթը, ջղայնացած դուրս եկա սենյակից ու գնացի>>,-պատմեց վկա Սարգսյանը:

Վկան իր ցուցմունքում նշեց, որ կատարվածի մասին պատմել է միայն իրավաբան ընկերոջը, Արթուր Գևորգյանին և նրա հետ խորհրդակցելուց հետո որոշել է չդիմել իրավապահ մարմիններին, հիմնավորելով, որ գուցե դժվար լիներ ապացուցելը, չէ որ սենյակում երկուսով են եղել: Որոշ ժամանակ անց, համացանցում տեսնելով Կույումջյանի հրապարակած տեսանյութը, որում պարզ երևում է, թե ինչպես նույն ձևով Խալափյանը թուղթ է ցույց տալիս, վրան՝ գումարի չափը, Սարմեն Սարգսյանը ևս քայլեր ձեռնարկեց: Դատարան հրավիրված հաջորդ վկայի՝ նշված իրավաբան ընկերոջ՝ Արթուր Գևոգյանի ցուցմունք տալու հետ կապված պաշտպանական կողմն առարկություններ ուներ, և համարում էր, որ այնուամենայնիվ, լինելով իրավաբան, այնպես է ստացվել, որ ընկերն ընկերոջը իրավաբանական խորհրդատվություն է տվել և չի կարող որպես վկա քննվել, քանի որ գործին փաստաբանական առնչություն ունի:

<<Հարգելի դատարան այս վկան, որպես Աշոտ Կույումջյանի ներկայացուցիչ, իմ դեմ բողոք է ներկայացրել փաստաբանների պալատ, ինչպե՞ս կարելի է լսել նրան>>,-իր դժգոհությունն է ներկայացրել Խալափյանը: Սակայն դատավոր Օհանյանը որոշել է, որ վկա Գևորգյանի առնչությունը Կույումջյանի բողոքին, այս դրվագին չի առչվում և այնուամենայնիվ անհրաժեշտ է լսել նաև նրա վկայությունը:

Ցուցմունք տվեցին նաև <<Դարիստ>> հյուրանոցի աշխատակիցները, ովքեր պատմեցին, թե մի օր Խալափյանը զանգել է , ասել, որ իր համար ինչ-որ բան են թողնելու, ինքը հեռու է և չի կարող վերցնել: Հետո երբ եկել է ռեստորան , մատուցողը հիշեցրել է, որ նրան հասցեագրված ինչ-որ տետր են թողել, Խալափյանն ասել է. «Ինձ դա այլևս պետք չէ, կուզես վառիր կամ շպրտիր», մատուցողն այդպես էլ վարվել է՝ այրելով սկոճով փաթեթավորված տետրը: Վկան դահլիճում ճանաչեց տետրը տարած երիտասարդին և վերջինս դուրս հրավիրվեց դահլիճից, քանի որ պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց, որ նա ևս հարցաքննվի դատարանի կողմից: Նշված երկու վկաներից հետո դատապաշտպան Համլետ Դավթյանը միջնորդեց կրկին հարցաքննել Արթուր Գևորգյանին, քանի որ իր տված ցուցմունքում և նախաքննությանը տված գրավոր ցուցմունքում հակասություններ է տեսնում, բայց քանի որ Գևորգյանն արդեն հեռացել էր , դատավոր Օհանյանը որոշեց բոլոր վկաների հարցաքննությունից հետո ևս մեկ անգամ լսել վկա Գևորգյանին: Դատական նիստը հետաձգվեց, այն կկայանա դեկտեմբերի 11-ին, Կապանի նստավայրում: