Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Կապանում էր

Spread the love
Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Կապանում էր

Նոյեմբերի 9–ին Սյունիքի մարզկենտրոնում կապանցիների հետ հանդիպել է Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Վերջինս իր ելույթը սկսել է շնորհակալությամբ, որ իրեն հատուկ Կապան են հրավիրել, և ներկայիս աշխարհաքաղաքական խաչմերուկներում Հայաստանի դիրքի ու դերի մասին անհասկանալի բազում հարցերը հավաքվածները հենց իր հետ են ցանկացել պարզաբանել: Փոստանջյանը խոսել է Ոչ իշխանական եռյակի անելիքների և Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի, ինչպես ինքն է բնորոշում, անօրինական և ապազգային լինելու մասին: Ժառանգության պատգամավորը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը մի օրում, ինքնուրույն որոշելով չէ, որ պիտի ստորագրեր այդ համաձայնագիրը, այլ պարտավոր էր հաշվի առնել նաև ժողովրդի կարծիքը:

«Արցախի և Հայաստանի հանրապետության սահմանին ըստ ԵՏՄ պայմանագրի պետք է գործի մաքսակետ, ինչի պարագայում այդտեղ կարող է տեղակայվել և գործել օտար մաքսավոր, որը կարող է լինել օրինակ Ղազախստանի ներկայացուցիչ և դրանով ոչ միայն տնտեսական խնդիրներ են ստեղծվում մեզ համար, այլև անվտանգության խնդիրներ»,-նշել է բանախոսը:

Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում հավաքվածների մեծամասնությունը տարեցներ էին, նրանք ներկայացրին իրենց անհանգստությունը և հորդորեցին զգուշավորություն ցուցաբերել, մասնավորապես նշելով, որ Ռուսաստանին դեմ գնալով, Հայաստանը ևս կարող է Ուկրաինայի «ճակատագրին արժանանալ»: Կարծիք հնչեց նաև, որ պատմական իրադարձություններում արևմուտքն այդքան էլ չի հետաքրրվել հայ ժողովրդի կացությամբ, չի միջամտել, երբ հային կոտորել են, ինչու այժմ պետք է դեպի Եվրոպա գնալ և ոչ դեպի Ռուսաստան, վրդովված հարցրել է մի տարեց մանկավարժ:

«Մշտապես Հայաստանը եղել է օտար տերությունների լծի տակ, այդ թվում և Ռուսաստանի, մեկ այլ կողմից անհերքելի փաստ է նաև, որ հայոց ցեղասպանությունը կատարվել է գերմանական ուժերի աջակցությամբ, խնդիրն այլ է, բավ է մենք սպասարկենք օտար տերության շահը, եկեք սպասարկենք մեր շահը, իսկ ինչ են ուզում այդ գերտերությունները` ունենալ իրենց ներկայացուցիչը այստեղ»,-հակառակը պնդեց Փոստանջյանը:

Ժառանգության պատգամավորը շեշտել է, կարևոր է գիտակցել, թե որտեղ է ազգային շահը և զերծ մնալ գերտերությունների խարդավանքներից: