Աղետից տուժած կապանցիները առաջիկա օրերին փոխհատուցում կստանան

Spread the love
Աղետից տուժած կապանցիները առաջիկա օրերին փոխհատուցում կստանան

Աղետի հաջորդ օրը՝ նոյեմբերի 3-ի առավոտյան, կարծես ի հեճուկս կապանցիների, ձյուն տեղաց։ Ջրի ավերածություններից հետո անպատուհան ու խոնավ տներում մարդիկ վերարկուներով են քնել, խոսքը վերաբերում է նրանց, ովքեր չեն հեռացել բնակարաններից, նույն ձևով էլ դեռ շարունակում են աշխատել և վերացնել անվերջանալի թվացող հետևանքները։ Այնուամենայնիվ , քաղաքապետարանին ենթակա կառույցների ջանքերով մեկ օրվա մեջ մասնակի նորոգվել է տանիքը, առաջին հարկում գտնվող մանկապարտեզի պատուհաններն ամբողջությամբ փոխվել են , հավաքվել են շենքի բոլոր հարկերում կուտակված քարերն ու ջարդված ապակիները, Հայջրմուղկոյուղու մեքենան դեռ շարունակում է բակը կարգի բերել։

Քաղաքապետը մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և «Հայջրմուղկոյուղի» փբը-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին ներկայացրեց կատարվածի բոլոր մանրամասները, մեկ առ մեկ շեշտելով ամեն բնակարանի հասցված վնասն ու բնակիչների վիճակը։

Ըստ նախնական տվյալների ստեղծված հանձնաժողովը , գույքի գնահատման գործակալության և Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակիցների հետ համատեղ, հաշվարկել է վնասները. 50 մլն և ավելի դրամի վնաս է հասցվել շենքին, 5 մլն դրամի չափով բակում կայանած 5 մեքենաներին, 22 մլն 500 հազար էլ բնակարաններում եղած կենցաղային տեխնիկային։

Դեպքի վայրն ուսումնասիրելուց հետո պաշտոնյաները մարզպետարանում առանձնացան խորհրդակցության։ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ ամեն մի դժվար իրավիճակ ելք է ունենում և տուժած բոլոր բնակիչներն էլ վերանորոգման շնորհիվ իրենց նախկին բնակարանից մի քանի անգամ ավելի լավ տեսք կունենան։

«Իսկապես էդ 15 ընտանիքների համար շատ դժվարա, բայց այսօր արդեն խնդիրը վերջնական լուծում ստացավ. 15-ն էլ իրենց գումարները կստանան, կվերանորոգեն իրենց բնակարաններն, ես հանդիպեցի ու ասացի իրենց, որ երևի իրենց բնակարաններից էլ մի քանի անգամ լավ բնակարաններ կունենան. Երեկ առավոտյան անմիջապես տեղեկացվել է վարչապետին, իր հանձնարարականը կա և վաղը գումարները կփոխանցվեն և ըստ քառակուսի մետրերի ամեն մարդ իր բնակարանի չափով գումարը կստանա, տանիքը, շքամուտքը, բակը ամբողջությամբ կնորոգվեն, խաղահրապարկն էլ հետը»,-նշեց մարզպետը։

Խաչատրյանի խոսքով արդեն մի քանի օրից կվերականգնեն նաև էներգա և գազամատակարարումը, իսկ մինչ այդ նրա հանձնարարությամբ այդ ընտանիքներին փայտե վառարաններ կտրամադրվեն։