Առավոտյան քնից վեր թռանք ուժեղ դղրդյունից, կարծեցինք երկրաշարժ է.պատմում են վթարից տուժածները

Spread the love
Առավոտյան քնից վեր թռանք ուժեղ դղրդյունից, կարծեցինք երկրաշարժ է.պատմում են վթարից տուժածները

Բաղաբերդ թաղամասի թիվ 17 շենքի բնակիչներն առավոտյան քնից վեր թռան ուժեղ դղրդյունից, թվաց երկրաշարժ է, սակայն իր շուրջն ամեն ինչ ավերած ջրի հոսքը երկար գուշակելու հնարավորություն չտվեց, փշրելով շենքի պատուհաններն ու ներս խցկվելով քնած մարդկանց բնակարանները՝ դուրս հանեց նրանց։ «Բախտներս բերել է, կիրակի օրն է պատռվել ջրատարը, թե չէ պատկերացնել անգամ չենք ուզում , թե առավոտյան 8։30-ին, հենց պայթյունի ժամին, բակում և մանկապարտեզում որքան երեխաներ կլինեին», -ասում են ու կարկամում, գոնե այդ մտքից ստացած վնասները հաղթահարելի համարող տարեցները։

20 մետր բարձրությունը գերազանցող ջրի շիթը ցեխ ու խոշոր քարեր է ներս շպրտել, շենքի մի ամբողջ մուտք իր 15 բնակարաններով տուժել է, որոնցից 6 ընտանիք վերաբնակեցման խնդրի առաջ են կանգնել։ Վերջիններս քաղաքապետի հանձնարարականով տեղավորվել են Լեռնագործ հյուրանոցում. Այս տներում ապրելն այսուհետ ռիսկային է. Բնակիչները վախենում են , որ օրերը ցրտելուն պես ծածկասալերում կուտակված ջուրը կսառչի և դրանք կուռչեն ու մի օր ավարտին կհասցնեն ջրի սև գործը։

Կապանի գլխին պատուհասած կիրակնօրյա արհավիրքի մասին տեղեկանալուն պես քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն էլ շտապեց դեպքի վայր։ Ստեղծված նախնական հանձնաժողովի հետ շրջեցին բնակարաններում և ծանոթացան աղետի հետևանքներին։Քաղաքապետը կարևորում է, որ ոչ ակնառու վնասները ևս չափելի լինեն, մարդկանց այս խնդրի հետ մենակ չեն թողնելու, արվելու է ամեն բան, որ ձմռան նախօրեին տուժած բնակիչները հնարավորինս շուտ կարողանան կարգի բերել իրենց բնակարանները։

Վթարի պատճառն ըստ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության Կապան տեղամասի պետ Հովհաննես Գևորգյանի, նույնն է ինչ մինչ այս եղած վթարներինը՝ մաշված և հին խողովակներ։

Շենքը հոսանքազրկվել է, անջատվել է նաև գազը։ Չորացման աշխատանքներ թեև նախաձեռնվում են, բայց բնակիչները համոզված են, միայն ամռանը հնարավոր կլինի խոնավությունը վերացնել։