Դպրոցական գրադարանները ևս ունեն միջազգային օր

Spread the love

Դպրոցական գրադարանները ևս ունեն միջազգային օր

Ավելի քան մեկ տասնամյակ է ՅՈՒՆԵՍԿՕՅԻ նախաձեռնությամբ նշվում է դպրոցական գրադարանների միջազգային օրը: Այնուհետև տոնը վերածվեց միամսյակի: Թեև Հայաստանում այն չի նշվում, սակայն փորձեցինք պարզել, թե մարզկենտրոնի դպրոցների գրադարանները որքանով են համալրված համապատասխան դասագրքերով, հաջողվում է արդյոք աշաակերտներին բավարարել նաև ծրագրով չնախատեսված գեղարվեստական գրականությամբ:

Ինչպես գրադարանավարները նշեցին վերջին տարիներին նոր հրատարակված գրքեր պարբերաբար ստանում են, սակայն քիչ չեն նաև 90 ական թվականներից ժառանգություն մնացածները: Ցավոք որոշ դեպքում ստիպված են լինում հնամաշ ու պատռված գրքեր տրամադրել: Այնինչ աշակերտներին, հատկապես փոքրերին, հրապուրում են նոր ձևավորումով գրքերը:

Թիվ 9 ավագ դպրոցի աշակերտուհի Անգելինան պարբերաբար օգտվում է դպրոցի գրադարանից: Աղջկա ձեռքին հիմնականում հայտնվում են հայերեն և ռուսերեն շտեմարանները, որոնք ամեն տարի փոխվում են:
«Դպրոցի գրադարանից անվճար ենք վերցնում, իսկ մինչ այդ ստիպված էինք դրանք գնել»:

Չնայած գրապահոցներն ու սենյակները փոքր են ու վաղուց վերանորոգված, այնուամենայնիվ գրադարանավարները գրքերի պահպանումը դժվար չեն համարում:

Արդեն մի քանի տարի են ինչ դպրոցի գրադարանները ևս անցում են կատարել էլեկտրոնային համակարգին, բայց դեռևս շարունակում են ավանդական մեթոդներով շարժվել: Անցումը նորագույն տեղխնոլոգիաներին նկատվում է միայն պարբերաբար համակարգչային դասեր անցկացնելով:

Լիլիթ Գևորգյան