Բժիշկը թվարկում է Հակոբ Ինջիղուլյանի` Ադրբեջանում ստացած հիվանդությունները

Spread the love
Բժիշկը թվարկում է Հակոբ Ինջիղուլյանի` Ադրբեջանում ստացած հիվանդությունները

Երեկվանից Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հանրապետության լավագույն բժիշկներից կազմված մասնագիտական հանձնաժողովի կողմից հետազոտվում է օրեր առաջ ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած` 23-ամյա զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: Մի քանի լրագրողների հետ զրույցում հիվանդանոցում գտնվող Հակոբը հայտնեց, որ սթրեսային վիճակում է, և ժամանակ է հարկավոր` իրականություն վերադառնալու համար:

Զինծառայողի սթրեսային վիճակի մասին խոսեց նաև հիվանդանոցի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Գուրգեն Հովհաննիսյանը: «Նրա մոտ առկա է երկարատև սթրեսային վիճակ, ինչի արդյունքում լինում են տարբեր երևույթներ` վեգետատիվ անոթային դիստոնիա, ճնշման տատանումներ, ընդհանուր թուլություն և այլն: Նրա մոտ հայտնաբերվել է նաև քթի միջնապատի ծռվածություն, շնչառության և տեսողության խանգարում, ախտորոշվել է քրոնիկական բրոնխիտ»,- ասաց բժիշկը և հավելեց, որ մի քանի տարի է հարկավոր , որպեսզի նա բուժվի:

Նշենք, որ այսօր հիվանդանոցում Հակոբը առանձնազրույց է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` զինծառայողների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանի հետ: Նա հայտնեց, որ Ադրբեջանը Հակոբի հարցում խախտել է միջազգային իրավունքին վերաբերող գրեթե բոլոր փաստաթղթերը, այդ թվում` ՄԱԿ-ի, Ժնևյան կոնվեցիաները: Նրա նկատմամբ որոշ դեպքերում նաև անմարդկային դաժան վերաբերմունք է եղել: Պաշտպանի տեղակալը նաև նշեց, որ միջոցներ են ձեռնարկելու` մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային գործընկերներին դիմելու համար: Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:

Մանրամասները` yerkir.am կայքում: