Մոր սպանությանն ականատես 18-ամյա աղջիկը դատարանում կպատմի տեսածը

Spread the love
Մոր սպանությանն ականատես 18-ամյա աղջիկը դատարանում կպատմի տեսածը

Դանակի 21 հարվածով սպանված Դիանա Նահապետյանի 18-ամյա դուստրը՝ Անահիտ Շահվերդյանը, որը սպանության ժամանակ եղել է դեպքի վայրում, կրկին վկայություն է տալու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց դատավոր Գագիկ Սարգսյանը` բավարարելով մեղադրյալի՝ Դիանայի ամուսնու պաշտպանի միջնորդությունը:

«Մեղադրյալի պաշտպանը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի միջնորդություն ներկայացնելու եւ կրկին հարցաքննության կանչելու ինչպես տուժող կողմին, այնպես էլ իր պաշտպանյալին: Քանի որ Անահիտ Շահվերդյանն արդեն չափահաս է, նա հրավիրվում է դատարան` վկայություն տալու: Իսկ մյուս դստեր՝ Արփինե Շահվերդյանի համար, որն անչափահաս է, հոգեբանի կողմից համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կարող է որպես վկա դատարան չկանչվել»,- ասաց դատավորը` ավելացնելով, որ չնայած Անահիտ Շահվերդյանը չափահաս է, տուժողի ներկայացուցիչը կարող է նրա համար եւս հոգեբանի կողմից տրված փաստաթուղթ ներկայացնել եւ կրկին չհարցաքննվել:

Տուժողի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը հայտարարեց, որ մեղադրյալի պաշտպանի միջնորդությունն անհիմն է։

«Միջնորդությունն անհիմն է եւ կարծում եմ՝ ենթակա է մերժման: Այն փորձագիտական եզրակացությունները, որ փորձագետները տվել են դեպքի վայրի արձանագրության վերաբերյալ, մեղադրողի վերաբերյալ, արդեն վկայում են, որ դրանք համապատասխանում են իրականությանը, եւ դատարանը դրանք ընդունել է»,- ասաց Նարինե Մկրտչյանը` ավելացնելով, որ առարկում է միջնորդության հատկապես այն կետին, որով մեղադրյալի պաշտպանը պահանջում է կրկնակի հարցաքննության ենթարկել Դիանա Նահապետյանի դստրերին:

Տուժողի ներկայացուցիչը նշեց, որ կրկնակի հարցաքննության դեպքում երեխաները նորից կենթարկվեն հոգեբանական ճնշման:

«Միանշանակ առարկում եմ միջնորդությանը, եթե անհրաժեշտ լինի կներգրավեմ հոգեբաններ, մանկավարժներ եւ այլ մասնագետներ, որպեսզի երեխաները կրկին պատմելով չվերապրեն այն, ինչն արդեն տեսել են»,- ասաց Նարինե Մկրտչյանը:

Մեղադրյալի պաշտպան Անդրանիկ Մնացականյանը պնդեց, որ անհրաժեշտություն կա Դիանա Նահապետյանի աղջիկներին հարցաքննելու, չնայած դատարանը երեխաների կողմից նախկինում տրված վկայության ձայնագրությունները տրամադրել է իրեն։

«Ես օգտվում եմ օրենքով ընձեռված իմ իրավունքից: Ես Դիանա Նահապետյանի դուստրերին բացի այն ամենից, ինչ լսել եմ ձայնագրությամբ, ունեմ հավելյալ եւս 5 հարց տալու»,- ասաց մեղադրյալի պաշտպանը:

Պաշտպանի հայտարարությունից վրդովված՝ Դիանա Նահապետյանի մայրը` Վալյա Նահապետյանը, արտասվելով դուրս եկավ նիստերի դահլիճից՝ հայտարարելով. «Մի հատ էլ մորը բերեք, թող նորից խփի, պաշտպանը տեսնի, թոռներս էլ են մարդ, սրիկաներ»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Դիանայի ամուսինը` 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ սպանել էր իր կնոջը: Սկզբում ծաղկամանով հարված էր հասցրել վերջինիս գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ էր տվել խոհանոց եւ 21 դանակի հարված հասցրել: Վերոնշյալ տեսարանին ականատես էին եղել Դիանայի 14-ամյա եւ 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս են վազել բնակարանից եւ հարեւաններից օգնություն խնդրել:

Լուրեր Հայաստանից — NEWS.am