50 երիտասարդ մարտական պատրաստություն կանցնի արցախյան զորամասում

Spread the love

50 երիտասարդ մարտական պատրաստություն կանցնի արցախյան զորամասում

Հոկտեմբերի սկզբին մոտ հինգ տասնյակ երիտասարդներ Հայաստանից կուղևորվեն Արցախ և մարտական պատրաստության գործնական դասընթաց կանցնեն Ասկերանի զորամասում:

Այցը «Մարտական ակումբ» անվանումով առավել մասշտաբային նախաձեռնության մի մասն է, որի հեղինակը «Աշխարհազոր» հ/կ-ն է:

Ինչպես հայտնեց հ/կ-ի նախագահ Րաֆֆի Գևորգյանը, սա արդեն երրորդ նման նախաձեռնությունն է: Մինչ օրս այս ծրագրի շրջանակներում մարտական պատրաստություն են անցել 100-ից ավելի երիտասարդներ:

Ըստ նախաձեռնության հեղինակների՝ օգոստոսյան միջադեպերից հետո զենքին տիրապետելն ինքնապաշտպանության հմտությունները և առհասարակ մարտական պատրաստվածությունը էլ ավելի ակտուալ են դառնում՝ նաև քաղաքացիական անձանց շրջանում:

Նախաձեռնության ծրագրերը պարբերաբար իրականացվում են անցած տարվա սեպտեմբերից՝ ՀՀ ՊՆ-ի աջակցությամբ: «Մարտական ակումբը» համագործակցում է նաև Երիտասարդ առաջնորդների դպրոցի, Հայաստանի Ուորք-աութի ֆեդերացիայի և շատ այլ կազմակերպությունների հետ:

Հոկտեմբերի 1-5-ը նախատեսված այցի շրջանում հայաստանցի երիտասարդները, մասնավորապես, կրակային պատրաստություն կանցնեն, կայցելեն դիրքեր, կբարձրանան Մեծ Քիրսը, ճանաչողական այցերով կլինեն Շուշիում, Ստեփանակերտում և այլուր:

Նախաձեռնության երևանյան հատվածի շրջանակներում երիտասարդները ամենատարբեր ակտուալ թեմաներով դասախոսությունների են մասնակցում, մարզումների, ծանոթանում ազգային խաղերին ու պարերին՝ գործնական դասընթացներով, ծանոթանում զենքի տիրապետման հմտություններին և այլն:

Աղբյուրը` armday.com