Բժիշկները 4 կգ-անոց մազագունդ են դեռահասի ստամոքսից հեռացրել

Spread the love

http://med.news.am/static/news/b/2014/09/3459.jpg

Ղրղըզստանում անհետաձգելի վիրահատության ենթարկված դեռահասի ստամոքսից 4 կգ կշռող մազագունդ է հեռացվել:

Կարճ ժամանակ առաջ հիվանդանոց տեղափոխված 18-ամյա Այփերի Ալեքսեեւան ստամոքսի սոսկալի ցավեր ուներ եւ այլեւս չէր կարող որեւէ բան ուտել կամ խմել:

Ռենտգեն հետազոտության արդյունքները ցույց էին տվել, որ աղջկա մարսողական համակարգին հսկայական չափերի մազագունդ է խանգարում, ինչը մայրաքաղաք Բիշկեկում գործող բուժհաստատության մասնագետներին ստիպել էր անհետաձգելի վիրահատություն նախաձեռնել:

«Երբ ծնողները բերեցին նրան, արդեն շատ էր նիհարել եւ չէր կարողանում որեւէ բան ուտել: Նույնիսկ խմելը չէր ստացվում: Ուստի հասկացանք, որ անմիջապես վիրահատել է պետք», — նշել է հիվանդանոցի ավագ վիրաբույժ դոկտոր Բահադիր Բեբեզովը:

Հետագայում պարզվել է, որ Ալեքսեեւան մազերի ծայրերն ատամներով պոկելու եւ անգամ գորգի վրա հավաքված վարսերն ուտելու սովորություն է ունեցել, հաղորդում է FoxNews-ը:

Բեբեզովի հավաստիացմամբ, առանց վիրահատության աղջիկը ծայրահեղ թերսնման եւ ջրազրկման զոհը կարող էր դառնալ:

«Վիրահատությունը միակ ելքն էր. խնդիրը լուծելու այլընտրանք չկար: Ստամոքսն այնպես էր մազերով եւ բրդի կտորներով խցանվել, որ, երբ թեթեւակի բացվածք արեցինք, ողջ պարունակությունն անմիջապես դուրս շպրտվեց», — նշել է մասնագետը:

Ալեքսեեւան ներկայումս ապաքինման է գնում եւ խոստանում է այլեւս մի հատիկ մազ անգամ բերանը չտանել:

Աղբյուրը` NEWS.am Medicine