Ուղղությունը` Կանադա. մեկնել Տորոնտո, Մոնրեալ …

Spread the love
Ուղղությունը` Կանադա. մեկնել Տորոնտո, Մոնրեալ ...

Կանադան հեռու է, բայց չէ՞ որ Նիագարայի ջրվեժը, Մեծ լճերը, Նյուֆաունդլենդ կղզին ու Լաբրադոր թերակղզին տեսնելու ցանկությունն էլ շատ մեծ է: Եվ սա դեռ ամենը չէ. այս երկիրը լի է գեղեցիկ ու հետաքրքիր վայրերով…

… Տորոնտո

Սկսիր երկրի արևելյան մասից. հենց այստեղից էլ՝ Կանադա անվանումը (հնդկացիների canata` «բնակավայր» բառից)։ Այցելիր Տորոնտո: Օդանավակայանը կոչվում է Toronto Pearson։ Այստեղից քաղաք կարելի է հասնել Airport Express ավտոբուսներով:

ՈՐՏԵՂ ԱՊՐԵԼ

Արժե կանգ առնել քաղաքի կենտրոնում, օրինակ` Bond Place հյուրանոցում (Dundas Street, 65): Ավելի թանկ տարբերակ է Best Western Primrose հյուրանոցը (Carlton Street, 111). այն նույնպես քաղաքի կենտրոնում է` լճափին մոտ: Ինքնաոճ դիզայնի սիրահարները կգնահատեն Casa Loma Inn հյուրանոցը (Walmer Road, 21), որը 1894 թվականին կառուցված առանձնատուն է և գտնվում է Casa Loma ամրոցի, Օնտարիոյի թագավորական թանգարանի (Royal Ontario Museum) և Թագավորական պուրակի (Queen\’s Park) մոտակայքում:

ՈՒՐ ԳՆԱԼ

Տորոնտոն Օնտարիո նահանգի մայրաքաղաքն է և Կանադայի ամենամեծ քաղաքը: Այն գտնվում է ծով հիշեցնող հսկայական լճի ափին: Տեսարժան վայրերը բազմաթիվ են: Արժե տեսնել Casa Loma ամրոցը, Chinatown-ը, Downtown գործնական կենտրոնը՝ երկու City Hall-երով, պառլամենտի ու դատարանի` Osgoode Hall շենքով և Թագավորական կառանատեղին` նավահանգստում: Սակայն ամենակարևոր հարստությունն, իհարկե, Նիագարայի ջրվեժն է. համապատասխան էքսկուրսիայի դեպքում կարող ես նավով անցնել նրա տակով:

Բաց չթողնես նաև «1000 կղզի» էքսկուրսիան. նավն ուղևորվում է Սբ. Լավրենտիոս գետով` ազգային պուրակի միջով և հանգրվանում Kingston-ում` Կանադայի նախկին մայրաքաղաքում, որտեղ գտնվում են Հոկեյի աշխարհահռչակ թանգարանը` Փառքի դահլիճով (International Hockey Hall of Fame, York Street, 277), ինչպես նաև Մեծ լճերի թանգարանը (Museum of the Great Lakes, Ontario Street, 55): Անպայման այցելիր հնդկացիական օդջիբվե ցեղի Curve Lake արգելոց, որը գտնվում է երկու լճերի միջև ընկած հրվանդանի վրա: Այնտեղի «ազգային պատկերասրահից» կարող ես գնել իսկական հնդկացիական հուշանվերներ:

ԻՆՉ ՈՒՏԵԼ ԵՎ ՈՐՏԵՂ

Բաց ռեստորաններով, գիշերային ակումբներով ու մատչելի տրատորիաներով հայտնի է Little Italy թաղամասը, հատկապես` College փողոցը: Կարելի է համեղ ուտել St. Lawrence շուկայում (Front St., 92-95): Հետաքրքիր ռեստորաններ ու սրճարաններ կան Augusta և Kensington պողոտաների միջև: Manulife Centre երկնաքերում գտնվող 180 Panorama ռեստորանում կարելի է ճաշել` հիանալով քաղաքի տեսարաններով 51-րդ հարկից: Այստեղ արժե փորձել ֆիրմային պիցցան, խրթխրթան վոնտոններ՝ մանգոյի սոուսով, և կարամելով չիզքեյք: Իսկ հնդկացիական արգելոցում համտեսիր տապակած հաց ու եգիպտացորենով ապուր:

ԻՆՉ ԳՆԵԼ ԵՎ ՈՐՏԵՂԻՑ

Տորոնտոն շոփինգի դրախտ է: Ամենաթանկ խանութները կենտրոնացած են Bloor-Yorkville թաղամասում: Համեմատաբար մատչելի և ինքնատիպ դիզայներական հագուստ կարելի է գտնել Queen Street-ի բազմաթիվ բուտիկներում: Իսկ Eaton Centre (Yonge Street, 220) հսկայական առևտրի կենտրոնում քեզ սպասում է ավելի քան 300 խանութ:

…Մոնրեալ

Մոնրեալը գտնվում է Սբ. Լավրենտիոս գետի ափին
Տորոնտոյից Մոնրեալ կարելի է արագ հասնել ինքնաթիռով։ Pierre Elliott Trudeau օդանավակայանը գտնվում է քաղաքին մոտ, սակայն գնացքով ուղևորությունը շատ ավելի գեղեցիկ ու տպավորիչ է:

ՈՐՏԵՂ ԱՊՐԵԼ

Առաջարկում ենք կանգ առնել Anne ma soeur Anne հարկաբաժիններում` կենտրոնական Saint Denis փողոցի վրա, ինչպես նաև՝ Armor Manoir Cherbrooke (East Sherbrook Street, 157) և Mont Royal լեռան մոտ գտնվող Auberge de la Fontaine հյուրանոցներում (Rue Rachel, 1301):

ՈՒՐ ԳՆԱԼ

Կարելի է ասել, որ Մոնրեալը Ֆրանսիայի ամերիկյան տարբերակն է` մշտարթուն և ուրախ: Այստեղ կա անգամ Լատինական թաղամաս, ինչպես Փարիզում: Ամառային ամիսներին հետաքրքիր կլինի այցելել Quays of the Old Port նավամատույցը` գեղեցիկ պուրակներով և Clock Tower աշտարակով, որի վրա ցանկության դեպքում կարելի է նաև բարձրանալ: Նավամատույցից մեկնում են bateaux-mouches նավակներ: Սբ. Լավրենտիոս գետում` կղզու վրա, գտնվում է 250 մ բարձրությամբ Mont Royal լեռը: Արժե տեսնել նաև Saint Joseph\’s Oratory տաճարը և Basilique Notre-Dame de Montreal-ը:

ԻՆՉ ՈՒՏԵԼ և ՈՐՏԵՂ

Les Beaux Jeudis (Crescent, 1449) բիստրոյում կարելի է համտեսել սթեյք` տարտար սոուսով, և վայելել ջազային եռյակի ելույթը: Thursday\’s բարը հայտնի է իր դիսկոտեկով: Լավագույն աղանդերը մատուցվում է Brulerie St-Denis սրճարանում (St-Denis, 1587): Bistro Origine-ը հայտնի է իր օրգանիկ խոհանոցով և ելակի հիասքանչ պաղպաղակով:

ԻՆՉ ԳՆԵԼ ԵՎ ՈՐՏԵՂԻՑ

Կանադացի դիզայներների բուտիկները կենտրոնացած են Les Cours Mont-Royal և Boulevard De Maisonneuve փողոցներում: Ամենից հայտնի առևտրի կենտրոնը Montreal Eaton Centre-ն է (Catherine Street, 705):

10 + 1 պատճառ՝ Կանադա այցելելու համար

1. Մեկ ոտքի վրա թռչկոտել Նիագարայի ջրվեժի մոտ, ուր տարեկան այցելում է մոտ 28 մլն մարդ:
2. Գնել արծաթե մատանիներ և պղնձե խեցիներով թևնոցներ։
3. Ուտել թխկու օշարակով բլիթներ։
4. Թրջվել Մոնմորանսի ջրվեժի տակ։
5. Մասնակցել օգոստոսին անցկացվող՝ Կրիշնայի ծննդյան օրվա արարողությանը Տորոնտոյի հիասքանչ Shri Swaminarayan Mandir տաճարում։
6. Լողալ Օնտարիո լճում։
7. Պարել Pow-wow տոնին` հնդկացիների հետ միասին։
8. Շոփինգ անել։
9. Զբոսնել Սբ. Լավրենտիոս գետով։
Տեսնել Ֆրանսիական Կանադան Քվեբեկի Հին քաղաքում անցկացվող New France փառատոնի ժամանակ։
10. Զբոսնել ձիակառքով Քվեբեկի Ստորին քաղաքի հեքիաթային փողոցներում։

Լուսանկարը ըստ Shutterstock-ի
Նյութի աղբյուրը՝ Cosmopolitan.am