Օգոստոսից հետո ծնվածները կպատվաստվեն թոքաբորբերի դեմ

Spread the love

Օգոստոսից  հետո  ծնվածները կպատվաստվեն թոքաբորբերի  դեմ

Ամենափոքր տարիքի երեխաներն անգամ պատվաստումների սենյակի մուտքից ներս մտնել չեն ուզում։ Մեկ այցելությունն էլ բավական է ,որ սպիտակ խալաթը շատերի հիշողության մեջ տպավորվի, առավել ևս ներարկումներից հետո։ Հայաստանում պլանային պատվաստումները սկսվում են իրականացվել փոքրիկի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո։
Իսկ հիմա դրանց թիվն ավելացել է ևս մեկով։ Սեպտեմբերի 16-ից պլանային օրացույցը համալրվելու է նոր՝ պնևմակոկային վարակների դեմ պատվաստումներով:

Պլանային պատվաստումների հետ միասին 1,5. 3 և 4,5 ամսական երեխաներին կկատարեն նաև պնևմակոկային վարակների դեմ միջմկանային պատվաստում։ Հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում վերջին տարիներին սուր թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները ոչ միայն գլուխ են բարձրացրել, այլև դարձել մահացության պատճառ, առողջապահության նախարարությունը վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և վերահսկելու ռազմավարություն է որդեգրել. պնևմակոկային հարուցիչը հատկապես վտանգավոր է վաղ տարիքի երեխաների համար։

Կապանի Բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մանկության գծով պատասխանատու Զարինե Բաբայանը շտապում է հանգստացնել ծնողներին. պնևմակոկային պատվաստումը նախորդներից գրեթե չի տարբերվում։ Միայն տեղային ցավով է արտահայտվում։ Փոխարենը ամսական բալիկները շնչառական հիվադությունների դեմ իմունիտետ ձեռք կբերեն։ Այնպես որ ինչքան էլ սպիտակ խալաթները անախորժ թվան երեխաներին, պատվաստումները անհրաժեշտ են:

Պնևմակոկ պատվաստումներ են իրականացվում նաև զորակոչիկների շրջանում։ Կապանի և Քաջարանի զորակոչային տարիքի տղաները իրենց դեղաչափը կստանան Կապանի պոլիկլինիկայում։

Բելգիական արտադրության պատվաստանյութը արդեն Կապանում է և պահպանվում է հատուկ սառնարանում։ Մասնագետները հույս ունեն ,որ դեղորայքի ներարկումը կնպաստի հիվանդացությունների թվի նվազեցմանը։
Թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում։

Հերմինե Միքայելյան