Խոստումները մնացին Բաղաբուրջի հուշահամալիրում

Spread the love
Խոստումները մնացին Բաղաբուրջի հուշահամալիրում

Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն։ Խոսքը վերաբերում է հատկապես որդեկորույս մայրերին։ Ռիտա Հարությունյանի մինուճար զավակը զոհվել է զինվորական պարտքը կատարելիս։

-16 տարիների ընթացքում դուռս ոչ ոք ոչ մի անգամ չի բախել,բոլոր խոստումները մնացել են Եղբայրական հուշահամալիրում,-պատմում է մինուճար որդուն կորցրած կապանցի Ռիտա Հարությունյանը։ Երեմ Հարությունյանը 1996թ-ին էր բանակ զորակոչվել, սակայն 20-ամյա զինվորին վիճակված չէր տուն վերադառնալ նույն ուրախ , երջանիկ հայացքով, ինչպես բանակ ճանապարհվելու օրն էր։

«Երկու տարի ծառայեց, 15 օր էր մնում , որ երեխաս տուն գա , Թալիշում էր ծառայում, ուսումնավարժանքի տարան Մարտակերտ, էնտեղ էլ «մինան» պայթեց, երեխայիս մաս-մաս բերեցին դրեցին իմ առջև ։ Մեզ այն ժամանակվա մարզպետը, զինկոմը, քաղաքապետն ասացին Կապանում միակ ընտանիքն եք, տեսեք ձեզ ոնց ենք նայելու, ապահովենք, բայց այդ խոսքերը մնացին հուշահամալիրում։ Դրանից հետո ոչ մեկը չմտավ մեր տուն։ Իսկ մեր ընտանիքին նայելով ոչ ոք չի ուզում իր երեխային բանակ ուղարկել»,-ցավով պատմում է զինվորի մայրը։

Տղայի և\’ հայրը , և\’ մայրը երկրորդ կարգի հաշմանդամություն ունեն։ Ապրում են միայն թոշակով, ինչն իհարկե հնարավորություն չի տալիս չընդգրկվել խանութի պարտքի ցուցակներում։ Ոչ ոքից ոչինչ չեն ուզում, միայն անտեսված ու մոռացված լինելու փաստն է տանջում որդեկորույս կնոջը, ասում է «մի կոտրած ծաղիկ»-ն անգամ սփոփանք կարող է լինել, բայց վաղուց արդեն մոռացվել են իրենց տուն տանող բոլոր ճանապարհները։

Երեմ Հարությունյանը Կապանի թիվ 13 միջնակարգ դպրոցը գերազանցությամբ է ավարտել։ Տիկին Ռիտան շնորհակալ է, գոնե այստեղ տղային մշտապես հիշում և մեծարում են։ Աջակցության և օգնության բացակայության մասին խոսելիս զինվորի մայրը չի կարողանում զսպել հույզերը, ասում է, բոլորի ցավն էլ խորն է, բոլորի կորուստն էլ՝ անդառնալի, միայն մի տարբերությամբ…

«Ուրիշները քույր եղբայր են ունեցել, իսկ իմը հենց մեկն էր, միակ սև-սպիտակը…»

Վերջին անգամ հանդիպելիս Երեմը մայրիկին վարդեր էր նվիրել, մինչև այսօր տիկին Ռիտան խնամքով պահել է չորացած թերթիկները և դրանց մեջ նաև՝ Երեմի հոգու ջերմությունը…