Կապանցի դպրոցականները արձագանքել են ազատամարտիկ Արմեն Համբարձումյանի պատմությանը

Spread the love

Կապանցի դպրոցականները կոչ են անում համախմբվել և Արցախյան հերոսամարտի մասնակից , առաջին խմբի հաշմանդամ Արմեն Համբարձումյանի վիրահատության համար գումար հավաքել։ Նրանք թիվ 9 ավագ դպրոցի 11-րդ դասարանցիներն են։ Առաջին քայլն արեցին՝ իրենց պատրաստած ուտեստներով այցելելով ազատամարտիկին։ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին են դիմել և աջակցություն խնդրել, վերջինս պատասխանել է ․«Սպասեք և տեսեք», — պատմում են աշակերտները։

«Մենք պարզապես տեղեկացրել ենք, որ Արմենը պայքարել և վիրավորվել է Հայաստանի ազատագրման համար և նա հավասար իրավունքներ ունի վայելելու այն ինչ մենք ենք վայելում այսօր, որովհետև նա հենց այսօրվա համար է պայքարել»,- ասում է դպրոցական Դիանա Ավանեսյանը։

Միայն այս դիմումով չեն բավարարվի, դպրոցականները որոշել են Կապանի քաղաքապետից թույլտվություն վերցնել և օրինական ակցիա-հանգանակություն կազմակերպել Արմենի համար։ «Մինչև սեպտեմբերի 21-ը մենք պետք է հավաքենք ամբողջ անհրաժեշտ գումարն ու փոխանցենք ազատամարտիկի հաշվեհամարին, մենք պետք է ոտքի կանգնեցնենք Արմենին, նրա մեջ պետք է վերականգնենք հավատը, որ այսքան տարի ոտնահարվել է»,- ասում է աշակերտներին առաջնորդող, պատմության ուսուցչուհի Ռիմա Մարգարյանը։

Արդյունքի հասնելու համար միասնականություն է պետք, վստահ են սաները, նրանք կոչ են անում բոլոր դպրոցների աշակերտներին միանալ իրենց, սկսել ամեն մի շենքից ու բակից և մինչև վերջ պայքարել՝ միայն թե Արմեն Համբարձումյանի պես ազատամարտիկներն իրենց անտեսված չզգան և հավատան, որ իզուր չեն պայքարել այսօրվա խաղաղության համար, որ գոնե նոր սերունդը գնահատելու կարողություն ունի։

Կապանցի դպրոցականները արձագանքել են ազատամարտիկ Արմեն Համբարձումյանի պատմությանը

Մանրամասները դիտեք երկուշաբթի, Լուրեր լրատվականի 20:30-ի թողարկմանը