Ջրամատակարարումը դադարեցվել էր մաքրման կայանում ընթացող նորոգման աշխատանքների պատճառով

Spread the love
Ջրամատակարարումը դադարեցվել էր մաքրման կայանում ընթացող նորոգման աշխատանքների պատճառով

Մարզկենտրոնի գերակշռող թաղամասերի ջրամատակարարումը սեպտեմբերի 9-ին դադարեցվել էր։ Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասը բաժանորդներին զգուշացրել էր՝ նախապես հայտարարելով սպասվելիք անջատումների լուրը։ Տարվա այս ժամանակահատվածում ծորակը բացել և ջուր չունենալ տնային տնտեսուհիների համար իսկական պատուհաս է։ Ջրամատակարարման դադարեցում այս անգամ արդարացված կարելի է համարել։ Գեղիի մաքրման կայանում վերակառուցման աշխատանքներ են ընթանում և մասնաճյուղը հարկադրված է դիմել այդ քայլին։

Գեղիի մաքրման կայանում նորոգման աշխատանքները սկսվել են հունվարից։ Առաջին հերթին երկհարկանի շինության լանջավոր տանիքն է փոխարինվել չժանգոտվող հարթ ցինկապատի։ Այժմ արդեն տեղադրվում են նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան ջրի ֆիլտրացման համար նախատեսված փականներ։
Մաքրման կայանում նաև ժամանակակից չափանիշներին համապատասխան լաբորատորիա է կառուցվում։ Նմուշառումները հենց տեղում կվերցվեն և մասնագետները ջրի որակական հատկությունների վերլուծությունը կանեն ավելի արագ և արդյունավետ։ Ճշտությունն էլ ապահովում է նոր սարքը։
Քաղաքում այս օրերին նաև լուրեր են պտտվում, թե խմելու ջուրը կարող է աղիքային ինֆեկցիաների պատճառ դառնալ և բնակչության շրջանում մտավախություն կա. մարդիկ ապահովության համար ծորակից եկող ջուրը եռացնում են հետո միայն օգտագործում։ Հովհաննես Գևորգյանը շտապում է բաժանորդներին իրազեկել.
«Ամեն օր, եթե հարկ է լինում օրը 2 անգամ մենք նմուշառումներ ենք անում, ոչ մի անգամ շեղումներ չեն հայտնաբերվել, վարակազերծումն էլ կատարվում է նորմայի սահմաններում անհանգստանալու կարիք չկա ,իսկ ինչ վերաբերում է ջրամաբարում անասունի գլուխ հայտնաբերելու մասին լուրերին ապա դրանք ասեկոսներ են»,-ասում է մասնաճյուղի տնօրենը։ Մասնաճյուղը շարունակում է նաև ներքին ցանցի հին խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքները։
Հովհաննես Գևորգյանը վստահեցնում է ՝ ձգտում են արագ ավարտել աշխատանքները բնակիչներին անհարմարություններ չպատճառելու համար։