Երազում եմ հաջորդ սեպտեմբերին ինքնուրույն քայլերով դպրոց գնալ

Spread the love
Երազում եմ հաջորդ սեպտեմբերին ինքնուրույն քայլերով դպրոց գնալ

12-ամյա Ալեքս Պողոսյանը արդեն յոթերորդ սեպտեմբերի 1-ն է տանը դիմավորում: Կապանցի փոքրիկի երազանքն է հաջորդ սեպտեմբերին ինքնուրույն քայլերով դպրոց հասնել և նոր ուսումնական տարում միանալ ընկերներին: Բնածին հաշմանդամության պատճառով Ալեքսը քայլել չի կարողանում, Ձագեձոր դպրոցի ուսուցիչները նրա հետ տանն են պարապում։ Ալեքսն ասում է․ «Իմ բոլոր դասատուները լավն են, մանրամասն բացատրում են, դրա համար էլ բոլոր առարկաները և լավ եմ սովորում և շատ եմ սիրում»։

Ալեքսը բազմաթիվ վիրահատություններ է տարել, միայն մեկն է մնում, դրանից հետո ոտքը կպրոթեզավորեն և տղան կկարողանա ինքնուրույն քայլել, միայն թե խոշոր գումարներ են անհրաժեշտ: Հայրը` Ալեքսան Պողոսյանը արցախյան ազատամարտի մասնակից է, ասում է․

«Անհարմար եմ զգում հաշվեհամար բացել և օգնություն խնդրել,մինչև այսօր մարտական ընկերներս են օգնել, կաշխատեմ կանեմ, երեք անգամ վիրավորվել եմ մարտադաշտում, չեմ մահացել և դա է ինձ կոփել, կարծես կյանքի փորձությունների դեմ իմունիտետ եմ ձեռքբերել»:

Երեք անչափահաս երեխաների հետ վարձով են բնակվում Կապանի Շինարարների թաղամասի վթարային շենքերից մեկում, կինը` Նազիկ Պողոսյանը ևս մի քանի անգամ վիրահատվել է, վերջին անգամ էլ մահացու ալերգիայից մի կերպ են փրկել:

Ալեքսը բացի լավ սովորելուց նաև լավ նկարում է, հայրն ասում է ինքնուրույն է սովորել գծագրեր ու գորգերի նախշեր անել,միայն թե փոքրիկ քույրիկը պատառոտել է տետրերը, երազում է համակարգիչ ունենալ և հատուկ ծրագրերով արված գծագրերը պահպանել։ Շատ է ուզում իր նախշերով գործված գորգ կամ կարպետ ունենալ։ Տղայի ամենամեծ երազանքը քայլելն է։ Վստահ է, մեծանա վիրաբույժ է դառնալու, ասում է, թույլ չեմ տա որևէ երեխա հիվանդ մնա։