Չեռնոբիլի աղետից 27 տարի է անցել

Spread the love
Չեռնոբիլի աղետից 27 տարի է անցել

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել ուկրաինական ատոմակայանում. այդ մասին բավական երկար ժամանակ ճշմարտությունը գաղտնի էր պահվում անգամ երկրի բարձրագույն ղեկավարությունից: Եվ նույնիսկ այսօր` ավելի քան քառորդ դար հետո, շատ բան է հայտնի, բայց ոչ ամեն ինչ:
Ընդունված վարկածի համաձայն` պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին` գիշերը 1:23 րոպեին, երբ հերթափոխի աշխատակիցները երկու տարի առաջ շահագործման հանձնված չորրորդ ռեակտորի վրա ծրագրային փորձ են իրականացրել: «Պրավդա»-ն հայտարարեց. «Վթարը տեղի է ունեցել աշխատակիցների մի շարք սխալների հետեւանքով»: Պայթած ռեակտորի, զոհերի եւ 2 մլրդ ռուբլի կորստի մեղքն ամբողջովին բարդեցին ատոմակայանի աշխատակիցների եւ ղեկավարության վրա:

Չեռնոբիլի ԱԷԿ-ի նախկին տնօրեն Վիկտոր Բրյուխանովը, որ պատգամավոր էր, մրցանակակիր եւ շքանշանակիր, հանցագործ հայտարարվեց եւ 10 տարի անցկացրեց ճամբարներում: Նրա հետ դատապարտվեցին եւս հինգ մարդ: Դատավճիռը բողոքարկման ենթակա չէր: Քրգործի եւ վթարի մասին նյութերը դրվեցին «հույժ գաղտնի» թղթապանակում:
Նրանց դատում էին Ուկրաինայի ԽՍՀ Քրեական օրենսգրքի 220 հոդվածով` «պայթյունավտանգ հիմնարկների սխալ շահագործում»: Սակայն ատոմային էլեկտրակայանները, որեւէ փաստաթղթում չեն առնչվում պայթյունավտանգներին: Իսկ դատական փորձաքննչական հանձնաժողովն այդ եզրակացությունն արել է ետին թվով. այդ մասին պատմում է ԱԷԿ կադրերի նախկին փոխտնօրենը:

Միայն տարիներ անց գաղտնազերծվեց 1986 թվականի հուլիսի 3-ի ԽՄԿԿ Քաղբյուրոյի նիստի արձանագրությունը. «Հույժ գաղտնի: Միակ օրինակ: Պարզվում է, որ ՉԱԷԿ չորրորդ ռեակտորը (նմանատիպ ռեկատորներն ապահովում են Ռուսաստանի ատոմային էներգիայի 50 տոկոսը, դրսում դրանք չեն օգտագործում) մի շարք կառուցվածքային թերություններ է ունեցել»: Սակայն խորհրդային տարիներին խորհրդային տեխնիկան «ամենահուսալին եւ ամենահզորն» էր, ուրեմն պետք էր այլ մեղավորներ փնտրել:

Չորրոդ էներգաբլոկը նախատեսվում էր անջատել ապրիլի 24-ին: Այդ ժամանակ պետք էր ճշտել` արդյոք գեներատորի մեխանիկական էներգիան կբավականացնի, մինչեւ գործի դրվի ռեզերվային դիզելային գեներատորը եւ անհրաժեշտ ռեժիմով աշխատի: Դա սովորական «պլանային» աշխատանք էր, եւ մեկ տարի առաջ նմանատիպ փորձ էր արվել երրորդ ռեակտորի վրա:»Չեռնոբիլի գործին» զոհ գնացին բազմաթիվ անմեղ մարդիկ: Ատոմակայնի տնօրեն Վիկտոր Բրյուխանովին կանչեցին Մոսկվա, հեռացրին կուսակցությունից, մեկուսարանում նա երկար սպասեց դատավճռին, իսկ երբ իմացավ 10 տարվա ազատազրկման մասին, շոկի մեջ ընկավ: Դրանից հետո սկսվեց «ճամբարային» կյանքը: 1991 թվականին Բրյուխանովն ազատ արձակվեց: Պատժաչափի ուղիղ կեսը կրեցին նաեւ մյուս 5 դատապարտվածները, նրանցից մեկն այժմ հոգեբուժարանում է:

Վթարից զոհվեց 31 մարդ, դրան հետեւող 15 տարիների ընթացքում ռադիոկատիվ ճառագայթման զոհ դարձավ 60-80 մարդ: 134 մարդ ծանր ռադիացիոն հիվանդությամբ վարակվեց…
http://report.am/