90-ամյակիս թևերս չեն պարի…

Spread the love
90-ամյակիս  թևերս չեն  պարի...

Օգոստոսի 5-ին Ցոլակ պապը տոնեց իր 90-րդ տարեդարձը: Մեծ հայրենականի հերոսը տասնյոթ տարեկանում չէր կարող ենթադրել անգամ,թե տեխնիկան այնքան կզարգանա,որ իր ձեռքով կառուցված տան պատշգամբում նստած մի օր հարցազրույց կտա և կպատմի պատերազմական օրերից:
Իննսունամյա հոբելյարին այսօր տանը առանձնակի հոգատարությամբ ու ջերմությամբ են վերաբերվում. ոչ թե որպես պապի,այլ հայրենական մեծ պատերազմի մասնակցի :
Արտերկրից որդիներն են ժամանել, իսկ ծոռները րոպե անգամ չեն հեռանում. հանկարծ Ցոլակ պապի սիրտը ինչ-որ բան կցանկանա: Հոբելյարի հետ զրույցի ընթացքում միայն մեկ անգամ լսեցինք ափսոսանք բառը. վատ տեսողոթյունը նախկինի պես թույլ չի տալիս հագեցնել կարդալու ծարավը; «Հեռուստացույց ոչ թե դիտում,այլ լսում եմ»,-ասում է: Իսկ տեսածի ու ապրածի մասին խոսելսի մի պահ մոռանում էր տարիքը ու այնպես պատմում կարծես կռիվը երեկ էր:

Բաջկոնին կախած շքանշաններով շատ հպարտանալ չի սիրում Ցոլակ պապը: Հիշողության շտեմարանը թերթելը ավելի կարևոր է ,-ասում է: Բարձրագույն կրթություն չստացած,բայց ուսման հարգը լավ իմացող վետերանը կյանքում շատ գրքեր է կարդացել: Թոռներին էլ հորդորել անպայման ԲՈՒՀ ընդունվել: «Պատերազմի ավարտից հետո բոլորովին այլ փուլ սկսվեց»,- պարզբանում է:

Հոր մասին խոսելիս ծնունդով գեղանուշցի վետերանը հպարտությամբ է նշում,որ նա առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է եղել : Իսկ գերդաստանից երեսունից ավելի մարդ է մասնակցել հայրենական պատերազմին: Ասում է հոր պատմածներից է ոգևորվել: Տասնյոթ տարեկանից ընդգրկվել կոմունիստների շարքերում, քաղաքականության մեջ խորացել: Բացի պատերազմից զրույցի ընթացքում հաճախակի հիշում էր կոլխոզի և գյուղսովետի նախագահության տարիները:

Այսպես, սեղանի գլխավերևում նստած, խոսում ու պատմում է Ցոլակ պապը, իսկ որդիները՝արդեն հասուն տղամարդիկ,չեն ուզում ընդհատել մեծի խոսքը, չնայած որ պատմությունները բազմիցս են լսել: Երբ արդեն զրույցն իր տրամաբանական ավարտին էր մոտենում, հոբելյարը բացեց երկարակեցության գաղտնիքը՝ լավ ընտանիք ու կարգապահություն:

Ինչ վերաբերում է ծննդյան տոնին նվիրված խնջույքին, որին ամբողջ գերդաստանն է պատրաստվում, մեծ հայրենականի մասնակցի թևերը չեն պարի. «կինս կենդանի չէ, ես ինչպես ուրախանամ»,-ասում է:
Հերմինե Միքայելյան