Վետերանների խորհրդի նախագահը փոխեց իր դիրքորոշումը

Spread the love

Վետերանների  խորհրդի  նախագահը  փոխեց  իր  դիրքորոշումը

Սյունիքի մարզի վետերանների տարածքային խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանի անքնության պատճառը Կապանի մշակույթի կենտրոնի փառքի սրահի պատերից իջեցված մեծ հայրենականի հայ հերոսների լուսանկարներն են: «Սեղաններին ու գետնին դրանք տեսնելիս աչքերս արցունքով են լցվում»,-ասում է նրա տեղակալը:

Ամիսներ առաջ, երբ փառքի սրահը Շմավոն Մովսիսյանի անվան թանգարան տեղափոխելու հարց եղավ նախագահը համաձայնել էր: Մարզպետը, քաղաքապետը այցելելեցին, ուսումնասիրեցին, որոշվեց ,որ բոլոր նյութերը թարմացված կփակցվեն թանգարանի սրահներից մեկում ,իսկ հանդիպումների համար առանձին սենյակ կհատկացվի: Իսկ հիմա երբ եկել է տեղափոխվելու ժամանակը, նախագահը՝ Ռաֆաիկ Հարությունյանը չցանկացավ հաշտվել այդ մտքի հետ՝ պատճառաբանելով, թե վետերանները դժգոհում են՝ տեղը հարմար չէ:

«Փառքի սրահի տեղափոխության նպատակներից մեկը ամբողջը մեկ տարածքում կենտրոնացնելն է,որ այցելուները նաև մեծ հայերնականի հերոսներին ճանաչեն: Բացի այդ ստեղծվելիք էլեկտրոնային գրադարանի համար ավելի մեծ տարածք է պետք»,- պարզաբանեց քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանը:

Փառքի սրահի նյութերը կթրամացվեն ու նորովի կփակցվեն,-վստահեցնում են քաղաքապետարանում և հաղթանակի յոթանասունամյակը գուցե և նշանավորվի նոր սրահի բացման արարողությամբ: Այս ամենը քաղաքապետարանում ևս մեկ անգամ լսելուց հետո վետերանների խորհրդի նախագահը հաշտվեց փառքի սրահը Շմավոն Մովսիսյանի անվան թանգարան տեղափոխելու մտքի հետ:
Հերմինե Միքայելյան