Բրեմենյան երաժիշտները Կապան են հասել

Spread the love
Բրեմենյան երաժիշտները Կապան են հասել

Այո, դուք ճիշտ կռահեցիք, նրանք իսկապես մեր ծնողների, մեր և մեր փոքրիկ քույրերի ու եղբայրների սիրելի մուլտֆիլմի հերոսներն են։ Տրուբադուրը, իշուկը, կատուն , աքլորն ու շունը իրենց ճամփորդության կայաններում նախատեսել էին նաև Կապանը և ահա ուրախ բրեմենյան երաժիշտները տեղ են հասել ու զվարճացնում են կապանցի փոքրիկ թատերասերներին։

Եթե մեծահասակներն ամեն ինչ հասկանում են, և հաշվի առնում բեմադրության պայմանականությունները, ապա երեխաների հետ աշխատելն ավելի բարդ է։ Երևանի պատանի հանդիսատեսի դերասաններն այնուամենայնիվ հաճույքով փորձում են հաղթահարել դժվարությունն ու ուրախացնել փոքրիկներին։

Այս բեմադրությունը 2013-ին Արտավազդ մրցանակի է արժանացել, որպես լավագույն երիտասարդական ներկայացում։ Մյուզիքլում պահպանել են մուլտֆիլմի տեսարանները, ինչպես նաև կոմպոզիտորի թույլտվությամբ թարգմանել երգերի բառերը։

» Մենք առաջարկեցինք անվճար ներկայացումներ խաղալ երեխաների համար և Կապանի քաղաքապետը մեծ սիրով ընդունեց և հովանավորեց այս ձեռնարկը։ Կապան ենք բերել մեր ամենալավ ներկայացումներից մեկը, պիեսի հեղինակը բեմադրիչ Վիգեն Ստեփանյանն է և շատ լավ բեմադրություն է ստացվել և ես հույս ունեմ, որ կապանցի փոքրիկները կհավանեն»,- նշեց բեմադրության գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը։

Թեև դահլիճն այնքան էլ լեցուն չէր, բայց փոքրիկ հանդիսատեսը պարզապես վայելում էր իրեն նվիրված խաղը։ Տեղեկացնենք, որ ներկայացումը կցուցադրվի նաև շաբաթ և կիրակի ՝ օրական երկու անգամ։ Մուտքն ազատ է ։

Մարգարիտա Մանուկյան

Մարգարիտա Մանուկյան