Ֆլեշմոբ-ակցիա Կապանում

Spread the love
Ֆլեշմոբ-ակցիա Կապանում

Կապանի քաղաքապետարանի այգում շրջող սպիտակ շապիկներով երիտասարդները բոլորի ուշադրության կենտրոնում էին, բայց առավել զարմանք առաջացրին , երբ հանկարծակի միացած ազդանշանով համախմբվեցին և երաժշտության ուղեկցությամբ սկսեցին հետևել մարզչի շարժումներին ու վարժություններ կատարել։ Ֆլեշմոբ ակցիան մեկ նպատակ ուներ՝ ինչպես և երիտասարդների շապիկներին էր նկարված՝ կոտրել ծխախոտի հանդեպ հակումն ու կախվածությունը։

Նախաձեռնությունը Երիտասարդական գիտամշակութային կենտրոնինն էր։ «Առողջ ապրելակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» ծրագիրն արդեն մի քանի ամիս է Կապանի երիտասարդության շրջանում ակտիվություն է ստեղծել՝ կազմակերպելով տարաբնույթ միջոցառումներ , դասընթացներ և քննարկումներ, որոնք անմիջականորեն անցկացվում են երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար։ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագիրն է շահել կենտրոնը, որի շրջանակներում էլ իրականացվում են նշված միջոցառումները։

Երիտասարդները ուսանողական ամառ 2014-ի հավաքից էին։ Վերջիններս մեծ խանդավառությամբ են մասնակցել ակցիային։ «Առողջ ապրելակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև քննարկում անցկացնել և ևս մեկ անգամ շեշտել ծխախոտից զերծ մնալու անհրաժեշտությունը։

Մարգարիտա Մանուկյան
Տեսանյութը՝ Ալեքսան Գրիգորյանի