Հայաստանի 2-րդ մայրաքաղաք հռչակվելու համար Սյունիքից միանգամից 2 քաղաք է պայքարում

Spread the love
Հայաստանի 2-րդ մայրաքաղաք հռչակվելու համար Սյունիքից միանգամից 2 քաղաք է պայքարում

Հայաստանի երիտասարդության սիրտը մշտապես բաբախել է մայրաքաղաքում։ Երևանը դարեր շարունակ իր շուքի տակ է առել հանրապետության տարբեր ծայրերից ժամանած երիտասարդներին։ Սակայն Հայաստանն այսուհետ ամեն տարի ունենալու է ևս մեկ մայրաքաղաք՝ երիտասարդական։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությունն է, երիտասարդական շնչով ու ավյունով են փորձում վարակել հանրապետության քաղաքները՝ դրանց փոքրիկ անկյուններում դանդաղահոս կյանքը ևս հետաքրքիր դարձնելու միտումով։ Հուիլիսի 20-ից մեկնարկել է մրցույթի առցանց քվեարկությունը,որի արդյունքում պետք է որոշվի 2015թ-ի երիտասարդական մայրաքաղաքը։ Նախորդ տարի մրցանակը Սյունիքինն էր, երիտասարդական մայրքաղաք էր հռչակվել Սիսիանը։ Եվ եթե նախորդ տարի պայքարի մեջ միայն երկու քաղաք էր մտել, ապա այս անգամ մրցակցությունն ավելացել է։

«Երիտասարդական մայրաքաղաքի համար հայտ ներկայացրել են 6 քաղաքներ՝ Քաջարանը, Կապանը, Ստեփանավանը, Ծաղկաձորը, Եղեգնաձորն ու Չարենցավանը։ Երեկ աշխատանքային այցով Քաջարանում էինք, այսօր արդեն մեկ օրվա ընթացքում փորձում ենք ծանոթանալ Կապանին.Արդյոք իրականությունը համապատասխանում է՞ հայտին թե ոչ։ Դիտարկում ենք , թե ինչ պոտենցիալ ունի քաղաքը, ինչ միջոցառումներ կարելի է կազմակերպել , որովհետև ըստ էության, Սպորտի և երիտասարդության նախարարությունը վաղուց որդեգրել է այն քաղաքականությունը, որ հասարակական կազմակերպությունները լավ համագործակիցներ կարող են լինել հսկայական գործեր իրականացնելիս։ Պետք է հասկանանք երիտասարդների խնդիրներին և ըստ մեր ուսումնասիրությունների լրացնենք հարցաթերթերն ու գնահատենք»,-ասում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմում Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրեն Դավիթ Հայրապետյանը։

Սովորաբար քվեարկություններն անցկացվում են 50-ը 50-ի հարաբերակցությամբ , բայց այս մրցույթում 80/20-ի է։ Բնակչության քվեարկությունն էլ հենց կազմում է հարաբերակցության 20-րդ բաժինը, մնացած 80-ը որոշում են փորձագետները։ Վերջիններս քաղաքապետարանին առընթեր հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների՝ Վերադարձ-ի և կանանց ռեսուրս կենտրոնի հետ էլ իրականացրին ուսումնասիրությունները Կապանում։ Ռեսուրս կենտրոնում կայացած քննարկմանը փորձագետները շեշտեցին՝ անհրաժեշտ է հստակ պատկերացնել, թե երիտասարդական մայրաքաղաք կոչումը ինչ է տալու հաղթող քաղաքին։ Այդ հարցին փորձեց պատասխանել հենց կազմակերպության նախագահը։

«Մենք սահմանամերձ քաղաք ենք և շատ հեռու ենք մայրաքաղաքից և մեր երիտասարդները շատ միջոցառումներից են զրկվում, չնայած նրան, որ ճանապարհը հաղթահարելի է, արդեն սովորել ենք, բայց ամեն դեպքում տեղում նման հնարավորություն ստեղծելու դեպքում երիտասարդներն ավելի կակտիվանան, և ավելի շահագրգռված կլինեն ետ վերադառնալու և զրգացնելու իրենց հայրենի քաղաքը: Լավ կլիներ, որ այս ծրագրի շրջանակներում ունենայինք երիտասարդական միջոցառումներով հագեցած պլան»,-նշեց Քրիստինա Սաղաթելյանը։

Հայաստանի երկրորդ՝ երիտասարդական մայրաքաղաքի անունը կհռչակվի սեպտեմբերի 1-ին։

Մարգարիտա Մանուկյան