«Թարմ Շաուրմա», բայց իրականում…

Spread the love
"Թարմ Շաուրմա", բայց իրականում...

Բոլորիս կենցաղ ներխուժած արագ սննդի օգտագործումը մեզանում տարածվել է ամերիկյան մշակույթից, որտեղ բիզնեսի այդ տեսակն այնքան է ծաղկել ու զարգացել, որ աշխարհի գրեթե բոլոր անկյուններում դրանց մասնաճյուղերն են բացվում, այդպիսի օրինակ է ամերիկյան Մագդոնալդս արագ սննդի խոշոր ռեստորանային ցանցը։ Միայն թե տվյալ դեպքում ամեն երկրում մասնաճյուղ բացող ընկերությունը պարտավորվում է ապահովվել բոլոր այն չափորոշիչներն ու բաղադրատոմսերը, որոնք օգտագործում են հենց մայր ռեստորանում։ Մեզ մոտ բոլորովին այլ պատկեր է, թեև այս տեսակի սննդից օգտվողները շատ են, այնուամենայնիվ տարածված կարծիք կա, որ նման վայրերում մատուցվող ուտելիքը հաճախ չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության չափորոշիչներին։ Մասնագետները բացատրում են թարմ և անվտանգ սնունդը տարբերելու ձևերը։

«Հանրային սննդի կետերում այսօր ավելի շատ խորոված միս են օգտագործում, իսկ դա 24 ժամից ավելի չի կարելի պահպանել, աղցանները չի կարելի պահպանել ավելի քան 6-ից 24 ժամ, կախված նրանից թե ինչ բաղադրության աղցան է , որովհետև մայոնեզի և թթվասերի օգտագործման դեպքում ժամերը կրճատվում են»,- ասում է Սննդամթերքի անվտանգության պետծառայության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանը։

Փորձեցինք ուսումնասիրել Կապանում գործող արագ սննդի կետերի պայմաններն ու համեմատել դրանք սննդամթերքի անվտանգության պետծառայության չափորոշիչների հետ։Գրեթե բոլոր արագ սննդի կետերում հրաժարվեցին պայմանների մասին խոսելուց, նաև արգելեցին տեսախցիկի մուտքը սրահ։ Այնուամենայնիվ գտնվեց մի վայր, որտեղ առանց խոչընդոտների կարողացանք նկարահանել։

«Միշտ էլ գոհ են սննդից, ոչ մի թունավորում չի եղել, ոչ մի արտասովոր բան չի եղել։ Օրի օրի սարքում ենք, հեսա կոտլետների ֆարշի կեսը առավոտն եմ սարքել, կեսն էլ պիտի սարքեմ։ Միսը թարմա անպայման, վերցնում ենք շուկայի մոտի մի խանութից»,-պատմեց աշխատակցուհին։

« Արագ սննդի կետերի խնդիրն այն է, որ նրանք օգտագործում են կիսապատրաստուկներ՝ կոտլետներ, բիֆշտեքսներ, լյուլա-քյաբաբ և բոլոր այս տեսակի ուտելիքները պատրաստելու համար նրանք պետք է պահպանեն ջերմային պայմանները՝ 2-ից 6 աստիճան և 18-ից 24 ժամից ոչ ավել։ Եթե չունեն, նշանակում է չի կարելի նման կետից գնում անել»,- պարզաբանում է Սննդամթերքի անվտանգության մարզային կենտրոնի պետը։

Ինչևէ, դռները, որոնք մեր առջև փակվեցին, հետևում թաքցնելով թերություններն ու խախտումները, վկայում են այն մասին, որ մեզ մոտ ևս կան վայրեր, որտեղ առողջ սննդով ընդմիջում անելու համար անհրաժեշտ պայմանները բացակայում են։

Մարգարիտա Մանուկյան