9 մասնակից և 9 մրցանակային տեղ.Քաջարանի մանկապատանեկան մարզադպրոցի սաները հերթական ձեռքբերումներն են գրանցել

Spread the love
9 մասնակից և 9 մրցանակային տեղ.Քաջարանի մանկապատանեկան մարզադպրոցի սաները հերթական ձեռքբերումներն են գրանցել

Քաջարանի մանկապատանեկան մարզադպրոցի սաները հերթական ձեռքբերումներն են գրանցել՝ այս անգամ գեղարվեստական մարմնամարզության ոլորտում։ 9 մասնակից և 9 մրցանակային տեղ, այսպիսի հաջողություն են ունեցել հուլիսի 10-ից 14-ը Գյումրիում կայացած «Բարեկամություն 2014» միջազգային 7-րդ մրցաշարում։
Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանն, ավանդույթի համաձայն, հյուրընկալեց հաջողակ մարզուհիներին և նվերներից ու շնորհավորանքներից բացի , երեխաներին պատմեց նաև, թե ինչպես է մարզաձևը կայացել քաղաքում և իրենց մարզիչները՝ Ինգա Փարսադանյանն ու Լիլիթ Աբգարյանն ինչպես են կարողացել ցածր վարձրատրության պայմաններում ամեն օր Կապանից Քաջարան հասնել և նվիրումով աշխատել մինչև այսօրվա ձեռքբերումներին։

«Ասում ենք գեղարվեստական մարմնամարզություն, բայց դա խիստ սպորտա։ Նրա համար եմ ասում, որ ի շնորհիվ բոլորիս՝ ընկեր Աթայանի, Ինգայի և Լիլիթի , մարզադպրոցի, քաղաքապետարանի անձնակազմերով, բոլորս նպատսել ենք, որ այս մարզաձևը օր օրի կայանա։ Շատ մեծ դժվարություններով ենք կարողացել այս ամենին հասնել։ Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ և հետագա մրցաշարերում հաղթանակներ միայն»,- նշեց քաղաքապետը։

Սաները ոգևորված են, միջազգային մրցաշարում 3 առաջին, 2 երկրորդ, 3 չորրորդ և 1 հինգերորդ մրցանակներ բերելը նրանց համար այնքան էլ հեշտ չէր, որովհետև, ինչպես իրենք են պատմում,ուժեղ մրցակիցներ ունեին։

Քաջարանի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Մերուժան Աթայանը ևս միացավ երեխաների շնորհակալական խոսքերին, նաև ընդգծեց, որ թեև հերթական հաջողությունն են ունեցել, բայց այս անգամ առաջընթացն ակնհայտ է։

«Այն ինչ դժվարությամբ է տրվում, դրա բարիքներն ավելի քաղցր են լինում։ Այսօր ձևավորված սպորտաձև կա, գեղարվեստական մարմնամարզությունը ավանդույթներ ունի Սյունիքի մարզում, Կապանում և արդեն Քաջարանում։ Արդեն շատ հիանալի է, որ Քաջարանի երեխաները ևս մրցանակային տեղեր են գրավում»,-ասում է տնօրենը։

Մարզադպրոցի տնօրենը հույս ունի, որ շուտով հնարավորություն կունենան նաև համաշխարհային պատանեկան օլիմպիադային մասնակցել, քանի որ արդեն ըմբշամարտից , ծանրամարտից Հայաստանի հավաքականի անդամներ ունեն, իսկ Գյումրում կայացած միջազգային այս մրցույթում գեղարվեստական մարմնամարզության սաներից Մարիամ Անդրեասյանը կարողացել է սպորտի վարպետի թեկնածու դառնալ։ Այս բոլոր ձեռքբերումները նոր սպասումների և նոր առաջընթացների առիթ են, համոզված են ոլորտի նվիրյալները։

Մարգարիտա Մանուկյան