Ինչպես խուսափել վարակներից,արևահարությունից և թունավորումներից…

Spread the love
Ինչպես խուսափել վարակներից,արևահարությունից և թունավորումներից...

Օրական 20-ից ավելի հիվանդ է ընդունում Կապանի բժշկական կենտրոնի Շինարարների թաղամասի ընտանեկան բժշկի գրասենյակը։ Ամռան այս շոգ օրերին շատանում են հատկապես արևահարության, ջերմության, գլխացավի ու գլխապտույտի , աղիքային խանգարումների գանգատները, ասում է ընտանեկան բժշկուհի Մարիետա Ղազարյանը։ Թունավորումներից, ընդհանուր թուլությունից և օրգանիզմի գերտաքացումից խուսափելու համար բժշկուհին խորհուրդ է տալիս տնից միայն անհրաժեշտության դեպքում դուրս գալ, իսկ դուրս գալու ժամանակ էլ քայլել ստվերոտ և հով փողոցներում։

«Օգտագործեք շատ հեղուկներ,խուսափեք անորակ, վաղեմությունն անցածշ սնունդ օգտագործելուց, հագնվեք եղանակին համապատասխան, խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից և եթե հնարավոր է քաղաքից մի փոքր հեռու, անտառին ավելի մոտ հանգստացեք»,- խորհուրդ է տալիս բժշկուհին։

Շոգ օրերին արագ են տարածվում նաև վարակները։ Եղել են ջրծաղիկի բռնկումներ, բայց բարեբախտաբար մեծ տարածում չեն ունեցել։ Ծնողները հաճախ ջրծաղիկը շփոթում են մոծակների խայթոցներից առաջացած ալերգիկ հետևանքների հետ,-ասում է բժշկուհին։ Վերջերս, հանրապետությունում նաև կարմրուկի վարակ էր տարածվել և պատվաստումների օգնությամբ կարողացան կանխել հիվանդության մուտքը մեր տարածաշրջան ։ Այնուամենայնիվ, թունավորման կամ այլ հիվանդությունների ու վարակների առաջին նշանների դեպքում բարդություններից խուսափելու համար ինքնուրույն բուժումներ մի արեք և մի ուշացրեք մասնագետին դիմելը, -ասում է ընտանեկան բժշկուհին։

«Առաջին նշանների դեպքում անմիջապես, եթե նկատվում է գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, սրտխառնոց, և եթե զգում եք ինչ-որ անսովոր նշաններ, անմիջապես դիմեք առաջնային օղակի բժիշկներին, համապատասխան ախտորոշում ստանալուց հետո , նոր ստացեք համապատասխան բուժում»։

Խոցելի են հատկապես կանայք, ովքեր փոքրիկի են սպասում։ Վերջիններս կրկնակի ուշադիր պետք է լինեն թե սեփական և թե երեխայի առողջությունը պահպանելու հարցում։

Ռիսկային խմբում գտնվող մարդիկ ՝ սրտի, դիաբետիկ, հիպերտոնիկ հիվանդություն ուեցողներին առավելապես խորհուրդ է տրվում զգոն լինել, քանի որ հիվանդությունը կանխելն ավելի հեշտ է, քան հետևանքները բուժելը,- ասում է բժշկուհին։

Մարգարիտա Մանուկյան