Խնջույքներից հետո մի մոռացեք մարել կրակը

Spread the love
Խնջույքներից հետո մի մոռացեք մարել կրակը

Այս ամիսներին հայտնվելով բնության գրկում աղբի առատությունից և խարույկների քանակից դժվար չէ կռահել, թե օրական որքան մարդ է այցելում և իր հանգիստն անցկացնում այնտեղ: Եթե մայիս-հունիս ամիսներին անձրևների հետևանքով հրդեհներից խուսափել հնարավոր էր, ապա հուլիս-օգոստոսին հրդեհների վտանգը աճում է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների քանակը 7 դեպքով ավելացել է: Դեպքերի 58 տոկոսը գրանցվել է չոր խոտածածկույթներում, իսկ մնացածը մասնավոր տարածքներում, բնակելի տներում:

Հրդեհների առաջացման պատճառը թեև տարաբնույթ է, սակայն մոտ 90 տոկոսը պայմանավորված է մարդկային գործոնով: «Բնակչության անփութությունը, բաց կրակը հսկողությունից դուրս թողնելը, անզգույշ ծխելը, կրակի հետ երեխաների խաղը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել» ,- ասում է Սյունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության գլխավոր մասնագետը և բնակիչներին հորդորում զգույշ լինել:

Ամռան ամիսներին տեսչության աշխատակիցները մարզի ամբողջ տարածքում արդեն սկսել են կանխարգելիչ աշխատանքները: Գյուղական համայնքներում խոտհնձի և հացահատիկի հավաքման ժամանակահատվածի հետ կապված անցկացնում են դասընթացներ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նպատակով:

Մասնագետի խոսքով անձնակազմը համալրված է անհրաժեշտ տեխնիկայով, իսկ փորձառու հրշեջները պատրաստ են մարել ցանկացած կրակ:

Լիլիթ Գևորգյան