«Մենք բացառում ենք միայն ինքնասպանությունը, ինքնասպանությունից զատ ոչ մի վարկած չի բացառվում»

Spread the love
«Մենք բացառում ենք  միայն ինքնասպանությունը, ինքնասպանությունից զատ ոչ մի  վարկած չի բացառվում»

Շարունակվում է Մեղրու տարածաշրջանում տեղակայված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Սահակյանին ինքնասպանության հասցնելու գործով դատավարությունը։ Քրեական գործի ընթացքը զարգացումներ է ունեցել և վերջին դատական նիստերից մեկում որպես վկա հարցաքննված քննիչ Մելիք-Քարամյանը կնիքների տարբերության, ինքնաձիգի դիրքի փոփոխության, և քննչական գործողությունների բավականաչափ խախտումների կապակցությամբ միայն պատասխանել է․ «Այդպես եմ նպատակահարմար գտել և այդպես եմ արել»։ Նաև հարցաքննված դատաբժիշկ Սևոյանից պաշտպան Թորոսյանը պարզել է այն հարցը, որ ի սկզբանե հետաքրքրում էր իրեն․

«Արյան հոսքի ուղղության հետ կապված ես դատաբժշկին հարցրի, նկատի ունենալով տվյալ ինքնաձիգով հասցված վնասվածքը և բացված վերքային խողովակը, սկզբից կարյունահոսե՞ր, թե՞ տղան վայր կընկներ և հետո կարյունահոսեր։ Դատաբժիշկը պատասխանեց, որ սկզբից պետք է արյունահոսություն լիներ և հետո վայր ընկնելը, քանի որ բավականաչափ մեծ խողովակ է բացվում և մեծ ծավալով արյուն է արտահոսում։ Իսկ տվյալ դեպքում Սարգիս Սահակյանի կզակն ամբողջովին մաքուր էր և դա նշանակում էր, որ պառկած վիճակում էր սկսվել արյունահոսությունը»,-պատմում է դատապաշտպանը։
Թորոսյանն ասում է,որ սրանով հաստատվում է Սարգիս Սահակյանի պառկած դիրքում կրակվելու վարկածը։

Չեն բացառում ոչ մի վարկած՝ բացի ինքնասպանությունից։ Կապանի նստավայրում կայացած հերթական նիստին դատապաշտպան Անի Թորոսյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սյուզաննա Խչեյանը հանդես եկան նոր միջնորդություններով։ Ըստ տուժող և պաշտպանական կողմերի կրկնակի դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը բավարարվելու դեպքում կարող է փոխվել գործի ընթացքը։

«Դատաձգաբան, դատաքիմիկ Աշոտ Գասպարյանի տված եզրակացության մեջ կան էական հակասություններ , մասնավորապես, որ տուժողի և ևս մեկ վկայի հագուստների վրա հայտնաբերվել են պղնձի մետաղացման հետքեր նկարագրական մասում, իսկ հետևություններ մասում դրանց գնահատական չի տրվել։ Վկա Գասպարյանը դատարանում հարցաքննվելիս, չգիտես որտեղից հնարեց, որ դրանք ոչ թե կրակոցի արգասիքներ են, այլ աղտոտվածության հետքեր»,- պատմում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սյուզաննա Խչեյանը։

Նշված հակասությունների պատճառով մեկ անգամ էլ էին փորձել միջնորդությամբ կրկնակի փորձաքննություն պահանջել, բայց Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը մերժել էր ։ Այս անգամ միջնորդությունը մեկ այլ հիմքով են ներկայացրել՝ շեշտադրում անելով այն փաստի վրա, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ արձանագրվել են տուժողի գլխի և դեմքի այնպիսի մարմնական վնասվածքներ, որոնք առաջացել են հրազենային կրակոցի հետևանքով։ Բայց համեմատելով վկա Գասպարյանի այն դիրքորոշման հետ, թե իբրև դրանք աղտոտվածության նշաններ են, ստացվում է, որ արձանագրված սալջարդ վերքերն ու վնասվածքները առաջացել են բութ առարկաների ներգործության հետևանքով,-մանրամասնում է Խչեյանը։

Դատապաշտպան Անի Թորոսյանի միջնորդությունը լրացուցիչ հետմահու դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին էր՝ ևս մեկ անգամ պարզելու Սահակյանը մահվանից առաջ արդյո՞ք գտնվել է լարված կամ ընկճված հոգեվիճակում, վերջինս ինքնասպանություն գործելու որևէ նախադրյալ կամ պատճառ ունեցե՞լ է, թե ոչ, ե՞րբ պետք է ինքնասպանություն գործելու միտքը ծագած լիներ նրա մեջ և որքան այդ մտահղացումը պետք է հասունանար, որ վերածվեր գործողության։ Հնարավոր է՞ր արդյոք նման հոգեվիճակում գտնվելով կատակել, ծիծաղել ընկերների հետ (ինչպես քննության արձանագրություններում պատմել են համածառայողները), մշտապես խոսել տուն արձակուրդ գնալու մասին կամ ուտելիքից ընտրել ավելի ախորժալի պատառները։

Թորոսյանը նաև շեշտադրել էր, թե ամբաստանյալների վարքագծի , գործողությունների և Սահակյանի մահվան միջև առկա է՞ արդյոք պատճառահետևանքային կապ։ Այս բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար դատավորի կողմից միջնորդության բավարարման որոշումն էր պետք։ Սակայն խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո Նապոլեոն Օհանյանը հայտարարեց , որ որոշումը կհրապարակվի հունիսի 16-ին և հետաձգեց դատական նիստը։

Մարգարիտա Մանուկյան
Լուսանկարը՝ Forrights.am-ից