Կապանի փողոցներում 26 բաց դիտահոր կա

Spread the love
Կապանի փողոցներում 26 բաց դիտահոր կա


Վերջերս Կապանի Մուշեղ Հարությունյան թաղամասի բնակիչներից մեկը «հաջողացրել» է ոտքի և կողերի ջարդվածքներ ստանալ․ երեկոյան քայլելիս չի նկատել բաց դիտահորն ու մեջն է ընկել։ Մութ փողոցներում քայլելիս մարդիկ պարզապես չեն նկատում թակարդները, որ երախները բաց իրենց կուլ տալ են պատրաստվում։ Եվ այդպիսիք այսօր Կապանում 26-ն են։ Տարիներ շարունակ բողոքում են, պայքարում, ու թե բերում տեղադրում են, մի քանի օր անց կրկին նույն պատմությունն է ՝ դիտահորերը բաց են ու վտանգավոր։ Բանն այն է, որ դրանց կափարիչները գողանում և որպես մետաղ փողի դիմաց հանձնում են մասնավոր ընկերություններին։

«Ես որ խանութի դռնից մի բան գողանամ, ինձ կկալանավորեն կտանեն , հետ չեն բերի, էդ ինչպես է, որ էդ դիտահորերի կափարիչները տանում են ու հաջողությամբ հանձնում։ Եթե գողացողին չեն գտնում, կուզեի առաջարկել՝ կափարիչները փայտից դնեին։ Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում երեխան ընկավ դիտահորը և զոհվեց։ Ինչ կանենք մենք, եթե նույնը մեզ մոտ կրկնվի, թիվ 6 դպրոցի ճանապարհի մայթին մի մեծ թակարդ է լարված մեր երեխաների համար։ Ես պարզապես չգիտեմ ով է պատասխան տալու, քաղաքապետարանը, Ջրմուղը, Կոմունալը, կարծում եմ առաջին հերթին հասարակությունը, ով նման քայլերի գնում է»,-շեշտում է Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը։

Վերջինս նշում է, գուցե ասեն, թե ինքն ինչ կապ ունի այս ամենի հետ, որ մշակույթով զբաղվելու փոխարեն բողոքում է, բայց թե ինքն էլ չասի, կարծում է հասարակությունն այն աստիճանի անտարբեր է, որ փուշն իր մատը չծակելու դեպքում թքած ունի համընդհանուր խնդիրների վրա։ Դա հաստատեցին մեր բազում փորձերը խոսելու բնակիչների հետ ։ Ամեն մեկն ասաց «իմ գործը չէ, ինձ չի խանգարում», անտարբերությունը կոտրեցին միայն մի քանի քաղաքացիներ։

«Էստեղ երեկոյան տեղադրեցին, առավոտյան վեր կացա չկար արդեն, բայց ճանապարհի վրա «սվյազի լյուկ» կար բաց, գնացի տեսա ընդեղ արդեն փակա, ստեղից տարել էին էնտեղ»։

«Ես օգնելու հնարավորություն չունեմ, դրա համար թող քաղաքագլուխը մտածի։ Ու եթե գողանում են, դրա համար էլ ոստիկան գոյություն ունի, թող հետևեն հսկեն»։

«Քաղաքապետարանը պետք է ուշադրություն դարձնի, կոմունալ բաժինը, այն օրգանը, որ տանում են հանձնում։ Թող գնան հետևողական լինեն ովա բերել հանձնել,որտեղից իրեն տենց բան ու ինչու են ընդհանրապես ընդունում դրանք։ Մետաղ է չէ՞ ամեն դեպքում, իսկ դրա վրա ահռելի ծախս է արվում»։

Բնակիչներն առաջարկում են փոքրիկ կողպեքներ տեղադրել կափարիչների վրա։ Տարբերակներ առաջարկում են, չեն հավատում, թե համապատասխան մարմիններն իսկապես այսքան ժամանակ չեն կարողացել գտնել գողերին։ Իսկ ահա Կապանի քաղաքապետի մամուլի քարտուղար Գոհար Իսախանյանի խոսքով, «Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ևս մտահոգված է խնդրով և վերջերս դիմել է «Հայջրմուղկոյուղի» փբը-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելու և կապանցիների անվտանգությունն ապահովելու համար»։

Մարգարիտա Մանուկյան