Ամփոփվեց «Պլաստիկ թափոններից զերծ Կապան» ծրագիրը

Spread the love


Դիտել 3:50 րոպեից

Այս տեսանյութը պատրաստել էինք նախորդ տարվա մայիսին՝ երբ մեկնարկեց Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի «Պլաստիկ թափոններից զերծ Կապան» ծրագիրը։ Առաջին փուլում հրավիրվեցին Կապանի գործազուրկ կանայք և կարեցին 300 բազմակի օգտագործման կտորե պայուսակներ, որոնք վաճառքի կետերում բաժանվեցին կապանցիներին՝ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կրճատելու նպատակով։ Այսօր ծրագիրն իր երկու փուլերով ավարտված է համարվում ։ Կապանի քաղաքապետարանում ամփոփեցին իրականացված աշխատանքները, միաժամանակ շեշտելով, որ դրանք շարունակական են լինելու։

« Արդյունքներից գոհ եմ,նույնիսկ պլաստիկի համար նախատեսված աղբարկղերը, որոնք արդյունքում ոչ միայն պլաստիկ են պարունակում, այլև սովորական կենցաղային աղբ, դա էլ է մեզ ուրախացնում, որովհետև , ի վերջո, այդ աղբը չի հայտնվում գետնին, չի հայտնվում փողոցներում, չի հայտնվում գետում։ Ոչինչ, մեր աշխատակիցները մի քիչ ավելի կչարչարվում, բայց արդյունք կունենանք։ Ծրագրով նախատեսված էր կառուցել 10 աղբատեղեր, մենք կառուցել ենք 15-ը, 90-ից ավելի պլաստիկ շշերի աղբարկղեր են տեղադրվել, մոտ 60-ն էլ կենցաղային աղբի համար։ Բայց դրանք էլի կշարունակվեն, անկապ նրանից կլինի դա Ուրբանի հետ համագործակցության, Կապանի քաղաքապետարանի բյուջեի շնորհիվ»,-նշեց քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։

Ուրբան հիմնադրամի , Քաունթերփարթի, ԵԱՀԿ-ի ու Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրի համաֆինանսավորմամբ է նախաձեռնությունն իրականություն դարձել։ Ծրագրի ղեկավար Նունե Ղազախեցյանը գոհ է ընթացքից, և համոզված է, որ կարճ ժամանակում Կապանում իսկապես կենցաղային աղբից կտարանջատվեն պլաստիկ թափոնները ։

Ծրագրի ամփոփիչ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրականացման փուլերը, արդյունավետությունն և նշեցին, որ շարունակելու անհրաժեշտություն կա։ Կապանի կոմունալ ծառայության պետը խոսեց նաև այն մասին, որ այդ աշխատանքների արդյունքում կոմունալ ծառայության աշխատակիցների գործն էլ է հեշտացել։

Կարիքներ քաղաքը դեռ շատ ունի։ Հյուրերի համար նախատեսված շնորհանդեսում ընդգրկված էին քառամյա ծրագրի բոլոր այն առաջնահերթ խնդիրները, որ լուծման կարիք ունեն ։ Այնուամենայնիվ, աղբահանության և քաղաքի մաքրության խնդիրը միշտ եղել և մնում է առաջնահերթության ցուցակի վերին հորիզոնականներում։

Մարգարիտա Մանուկյան