Եկ մի քանի ժամով փախչենք քաղաքից

Spread the love
Եկ մի քանի ժամով փախչենք քաղաքից

«Ո՞ւր գնանք այսօր». զբոսա՞նք, կինոթատրո՞ն, սրճարա՞ն… Հաջորդ հանդիպմանը կրկին նույնը, բայց հակառակ հերթականությա՞մբ: Այս նույն տեղերից չհոգնելու ու ձեր հանդիպումները միապաղաղ չդարձնելու համար կան բազմաթիվ հետաքրքիր այլընտրանքներ: Ի՞նչ կասես պիկնիկի մասին:

Առաջինը պիկնիկներ սկսել են կազմակերպել անգլիացիները: Դեռ մի քանի դար առաջ որսի ավարտից հետո բնության գրկում ընթրելը սովորություն էր դարձել հերցոգների ու լորդերի համար, որոնք հենց անտառում տեղավորվում էին խոտի վրա ու վայելում նախօրոք պատրաստված թեթև աղցաններն ու սենդվիչները:

Պիկնիկի բնույթն այսքան տարի անց այնքան էլ չի փոխվել՝ հանգստանալ, ընթրել, զրուցել ու պարզապես վայելել միմյանց ընկերակցությունը: Իսկ ինչպե՞ս պատրաստվել պիկնիկին ու այն դարձնել անմոռանալի: Հետևիր Cosmo-ի խորհուրդներին:)

Առաջին հերթին ընտրիր հարմար օր և ժամ

Պիկնիկի համար ամենահարմար ժամանակը հանգստյան կամ տոն օրերն են, սակայն հաշվի առնելով, որ շուտով ամառ է, և օրերն ուշ են մթնում, կարող ես կազմակերպել այն նաև աշխատանքային օրվա ավարտից հետո: Հատկապես ուրբաթ երեկոյան, երբ հաջորդ օրը երկուսդ էլ ազատ եք, ձեզ կհաջողվի մի լավ հանգստանալ ու չմտածել հաջորդ օրվա գործերի մասին: Հա, չմոռանամ ասել. օրն ընտրելուց առաջ հետևիր եղանակի տեսությանը, որպեսզի ձեր ռոմանտիկ պիկնիկը չընդհատվի հորդառատ անձրևով, ու դուք չսկսեք դեսուդեն վազվզել, իսկ վերջում ստացվի հանգիստ` ավտոմեքենայի գրկում: Ուշադրություն դարձրու նաև, որ այդ կամ նախորդ օրը տեղումներ եղած չլինեն, որպեսզի ծածկոցը չթրջվի թաց խոտից:

Այգի՞, թե՞ քաղաքից դուրս

Եթե դուք շատ ազատ ժամանակ չունեք, որպեսզի քաղաքից դուրս գաք, ապա այգին ևս հարմար տարբերակ է: Երևանի բնակիչների համար, որպես տարբերակ, կառաջարկեմ Թումանյանի այգին, Սունդուկյանի անվան թատրոնի շրջակայքի այգին, Սիրահարների այգին կամ Բուսաբանական այգին: Իսկ քաղաքից դուրս փախչողների համար հատուկ առաջարկ՝ Այղր լիճ, որն այնքան էլ հեռու չէ Երևանից (գտնվում է Արմավիրի մարզում), շատ գեղեցիկ է, իսկ ափից քիչ հեռու կա փոքրիկ անտառ: Գիտեմ՝ Աշտարակի ձոր, Ծաղկաձոր, Սևան տարբերակներն արդեն մտքովդ անցել են, սակայն եթե ուզում ես որևէ նոր բան, ապա Ստեփանավանի Դենդրոպարկը քեզ դուր կգա:

Ի՞նչ վերցնել…

Առաջին հերթին ծածկոց ընտրիր. թող այն լինի ոչ շատ հաստ ու ոչ սավանի նման բարակ: Մի\’ մոռացիր նաև անձրևանոցի կամ գլխարկների մասին. պետք չէ երկար ժամանակ բաց գլխով նստած մնալ արևի տակ: Հնարավոր է՝ տարածքում մոծակներ լինեն, այնպես որ դրանց դեմ քսուքը չի խանգարի: Երկուսիդ համար էլ վերնազգեստ վերցրու, հնարավոր է՝ երեկոյան եղանակը ցրտի: Գուցե ցանկանաք նաև խաղաթուղթ կամ շախմատ խաղալ:

Իսկ ուտելո՞ւ

Վերցրու միայն թեթև ու տաք եղանակին արագ չփչացող ուտելիքներ: Մրգերն ու բանջարեղենը նախօրոք լվա, սակայն մի՛ կտրտիր: Կրեմով խմորեղենից, երշիկից ու տապակած մսից խուսափիր: Կարող ես վերցնել թեթև ամառային աղցաններ ու սենդվիչներ: Եթե պիկնիկին նախատեսում եք հատկացնել ոչ ավել, քան մեկ-երկու ժամ, ապա ցանկացած ուտելիք գործնականում հարմար կլինի: Միայն ուշադիր եղիր, որ դրանք մնան ստվերում: Վերցրու հետդ հնարավորինս շատ ոչ ալկոհոլային խմիչք՝ հյութեր, հանքային ջուր և այլն:

Սպասքը…

Միանգամյա օգտագործման բաժակներն ու ամանները թեև տարածված են, բայց խորհուրդ չեմ տա օգտվել: Դրանք հարմար չեն այնքանով, որ շատ արագ կոտրվում կամ շրջվում են: Ամենահարմար տարբերակը պլաստմասե, սակայն ոչ միանգամյա օգտագործման ամաններն ու բաժակներն են, որոնք և՛ թեթև են, և՛ ավելի ամուր ու գեղեցիկ: Դանակ, պատառաքաղի ու գդալի մասին (կախված մենյուից) չմոռանաս:

Հա, վերցրու անպայման նաև չոր և թաց անձեռոցիկներ, ինչպես նաև մի քանի լրացուցիչ տոպրակ, որպեսզի ամբողջը կարողանաս վերջում հավաքել:

P.S. Ոնց որ թե ամեն ինչ պատրաստ է: Մնում է միայն վայելել միմյանց ընկերակցությունն ու մաքուր օդը: Հա, մոռացա ասել` չմոռանաս լուսանկարչական ապարատը. այդ օրը դուք երկար կցանկանաք հիշել 🙂

Լուսանկարները ըստ HMI-ի
Աղբյուրը՝ Cosmo.am