Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջը նոր տնօրեն ունի

Spread the love
Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջը նոր տնօրեն ունի

«Մանկավարժի մասնագիտությունը մշտապես հոգեհարազատ ու սիրելի է ինձ, բայց ավելի շատ ձգտել եմ երիտասարդների հետ աշխատել»,-ասում է Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի նորանշանակ տնօրեն Անժելա Մաքյանը։ Ժամանակները փոխվել են, այսօր բարձրակարգ մասնագետներ շատ ունենք և գնահատում ենք բոլորին, բայց միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների բաց ունենք, ինչը շատ կուզենայի որ լրացնեին մեր քոլեջի ուսանողները, ես ուզում եմ, որ յուրաքանչյուր ուսանող զգա փնտրված մասնագետ լինելու բերկրանքը և սիրի ու գնահատի իր ընտրությունը,-ասում է տնօրենը։ Դեռևս երկու աշխատանքային օր է անցկացրել քոլեջում, բայց արդեն ծանոթ է բոլոր խնդիրներին, բացերին և իրեն հանձնված ժառանգությանը։ Առավելապես կարևորում է քոլեջի մասնագետներին և գնահատում դասախոսական անձնակազմին։

«Երկու աշխատանքային գերհագեցած օր և առաջին հերթին ծանոթացել եմ ուսումնական հաստատության կոլեկտիվի հետ։ Բավականին լավ կոլեկտիվ է, բավականին լավ մասնագետներ, որոնց դերն ամենակարևորն է այս գործունեության մեջ, հաստատությունն ունի պարզապես նվիրյալներ, ովքեր հենց այստեղից են սկսել իրենց աշխատանքային կենսագրությունը»։

Բնականաբար, ինչպես և բոլոր ոլորտներում, այստեղ ևս խնդիրներ կան, բայց տիկին Մաքյանն առաջնային է համարում ավարտական պետական քննությունների նախապատրաստությունը։ Ժամանակացույցները, բոլոր առարկաների քննական թեստերն ու հանձնաժողովների ցուցակներն արդեն պատրաստ տնօրենի սեղանին են։ Առաջին ավարտական պետական քննությունը հունիսի 2-ին է նախատեսված։ Պակաս կարևոր չէ նաև ընդունելության քննությունների կազմակերպումը։ Առկա և հեռակա, նախնական, ընդհանուր և միջնակարգ կրթություններին համապատասխան 15 մասնագիտություններ են ուսուցանվում քոլեջում։ Ի դեպ, անվճար ուսման հնարավորությունների մասին խոսելիս քոլեջի տնօրենն իր առանձնահատուկ վերաբերմունքն արտահայտեց 12-ամյա պարտադիր կրթության մասին կառավարության ներկայացրած նոր նախագծի հանդեպ։
Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջը նոր տնօրեն ունի
«Ինքս բավականին ոգևորված եմ և մեծ ակնկալիքներ ունեմ կառավարության այս նախագծից և ուզում եմ հստակ հնչեցնել, որ միջին մասնագիտական կրթությունը լինելու է անվճար և այս ոլորտում մենք անցնելու ենք տոտալ անվճար համակարգի։ Ես վստահ եմ, ակնկալում եմ և սպասում եմ, որ այս նախագիծը անպայման կընդունի Ազգային ժողովը, որովհետև մենք այսօր դրա կարիքն ունենք»։

Նոր ուսումնական տարին մեծ փոփոխություններով սկսելու ակնկալիք ունի նոր տնօրենը։ Ասում է պետք է այնպես անել, որ ուսումնական հաստատությունն իսկապես իր անվանմանը համապատասխանի. առաջատարը լինի մարզում։

« Պետք է տարածաշրջանի պատանիների և աղջիկների մասնագիտական կրթության բնագավառում ունենա առաջատարի դեր, որովհետև ինքը տարածաշրջանայինի կոչում ունի։ Այսօր մեզ պետք են պետականության, ազգային, համամարդկային արժեքներով դաստիարակված սովորող, անձ, մարդ, անհատ, ով վաղը դառնալու է մեր հասարակության ակտիվ քաղաքացին»։

Ուսանողների մասնագիտական կրթության և արտադրական պրակտիկան կազմակերպելու մեջ փոփոխություններ պետք է մտցնել, կարծում է տնօրենը, քանի որ երկու տարի լսարանում սովորելով և միայն 10 օր պրակտիկա ունենալով հնարավոր չէ լավ մասնագետ դառնալ, սովորողն առաջին իսկ ուսումնական օրվանից պետք է շփվի իր մասնագիտության հետ, միայն այդ դեպքում նա կլինի ավելի ճկուն և ավելի կայացած մասնագետ։

Մարգարիտա Մանուկյան