Կապանի թիվ 9 ավագ դպրոցի աշակերտները փայլեցին իրենց համեստությամբ

Spread the love

Կապանի թիվ 9 ավագ դպրոցի աշակերտները փայլեցին իրենց համեստությամբ

Բարձրակրունկ կոշիկները, տոնական սանրվածքն ու դիմահարդարումը Կապանի թիվ 9 ավագ դպրոցի շրջանավարտները թողել էին երեկոյան միջոցառման համար։ Միատեսակ համազգեստներ այստեղ չէին պատվիրել,ավանդական սև ու սպիտակ հանդերձանքով էին, բայց իրենց դասարանն առանձնացնելու համար, օրինակ 12 հումանիտար հոսքի աղջիկները մազերին մանկական հյուսեր էին արել։
Որպես կանոն, «Վերջին զանգ» տոնակատարությանը ամիսներ առաջ են սկսում պատրաստվել։ Վերջերս էլ «մոդա» է դարձել, ոչ թե սեփական մտահղացումներով հանդես գալ , այլ սցենար գնել։ Սակայն այս դպրոցի և ոչ մի դասարան սցենարիստի չէր դիմել, աշակերտներն ու դասղեկներն իրենք իրենց ուժերով էին կազմել ծրագիրը, մտածել երաժշտական ու պարային համարները, մշակել անվանական բանաստեղծությունները՝ նվիրված դպրոցի ամեն մի ուսուցչի։

Այս դպրոցի աշակերտները ոչ մի կերպ չէին փորձել ընդգծել իրենց յուրօրինակությունը, համեստ , մտախոհ և հուզված էին հատկապես աղջիկները ։
«Ճիշտն ասած տարբերվելու ամենալավ ձևը չտարբերվել փորձելն է։ Նախընտրում ենք լինել ինչպես որ կանք,իհարկե հուզված ենք, դժվար է 12 տարի հետո լքել այս պատերը , ցանկանում եմ, որ բոլորն ընդունվեն և թող նոր կյանքը հաջողություններ բերի բոլորիս»,-ասաց թիվ 9 ավագ դպրոցի շրջանավարտ Անի Հարությունյանը։

Շրջանավարտների մեծ մասը պատրաստվում է բուհ ընդունվել, իրենք ևս գիտակցում են, փորձելու են նոր կյանքում զերծ մնալ արկածախնդրությունից և խորանալ ընտրած մասնագիտության մեջ։

Մարգարիտա Մանուկյան