Ազնավուրն այսօր նշում է ծննդյան 90-րդ տարեդարձը

Spread the love

Դուք կգրավեք աշխարհը, քանզի կարողանում եք հուզել,-Ազնավուրի մասին ասել է Շառլ դը Գոլը։ Ականավոր շանսոնյեն այսօր 90 տարեկան է, թեև տարեդարձը տոնել չի սիրում, այնուամենայնիվ, այս առթիվ մեծ համերգ կունենա Բեռլինում։ Հայ գաղթականների ընտանիքում ծնված Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը 9 տարեկանից է բեմում։ Բայց երգչի գլխին հաջողությունները սկսեցին տեղալ, երբ Ազնավուրին և նրա բեմընկեր Պիեռ Ռոշին նկատեց ֆրանսիական երգի դիցուհին՝ Էդիտ Պիաֆը։ Վերջինիս հետ համերգային շրջագայություններից էլ մեկնարկեց աստղային ճանապարհը։ 10 տարի անց Կասաբլանկայի և Փարիզի հաջողված համերգներից հետո շանսոնյեի ստեղծագործական կյանքն այնքան բեղուն էր, որ նրա գրած երգերով անգամ ուրիշ արտիստներ էին հանրաճանաչության ուղին բռնում։ Ազնավուրի բնորոշ գիծն է՝ երգելով պատմել կյանքի և սիրո մասին։

Ազնավուրի մասնակցությամբ առավել հայտնի են Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա», «Փարիզը օգոստոսին» , «Գայլերի ժամանակը» ֆիլմերը։ Բայց նրա դերասանական կարիերայում հատուկ տեղ ունի Ատոմ Եղոյանի «Արարատ» ֆիլմը ։

Ազնավուրը նաև հաջողակ է գրական կյանքում։ Ինքնակենսագրական երկու գրքերից բացի Ազնավուրի հրապարակած առաջին գեղարվեստական գիրքը՝ «Իմ հայրը հսկա է» վերնագիրն ունի, սրան հաջորդել են նաև պատմվածքներ ֆանտաստիկ ժանրում, հիշողություններ և բանաստեղծություններ։ Ազնավուրը հսկայական դրամատիկ կերպար է, նա միանգամից է գրավում մարդուն։ Նա գերհզոր է իր արվեստում, — ասել է ֆրանսիացի հայտնի երգիչ և դերասան Մորիս Շեվալյեն։

Մարգարիտա Մանուկյան
Լուսանկարը՝ open.space.ru-ից