Մեր մշակույթը կառավարվելու կարիք չունի․այսպես են մտածում կապանցի գեղանկարիչները

Spread the love
Մեր մշակույթը կառավարվելու կարիք չունի․այսպես են մտածում կապանցի գեղանկարիչները

Համընդհանուր գլոբալացման դարաշրջանում, փոքր ազգերի գլխին անդադար ճոճվում է մշակույթի, լեզվի, ինքնատիպության կորստի վտանգը։ Եվրոպական հոսքերի ներթափանցումն առավելապես նպաստում է սեփական արժեքների մոռացմանը։ Բայց կապանցի գեղանկարիչ Հրանտ էլչյանը համոզված է, ոչ մի գլոբալացում էլ չի կարող Նարեկացու և Կոմիտասի անունները ջնջել,ասում է,-մենք իսկապես շատ մեծ ենք մեր մշակույթով։

«Չէէ, անհնարին է, ու՞ր էին ուրիշները, երբ մենք Նարեկացի ունեինք։ Էս ամբողջ տարածաշրջանների խաչմերուկում Հովնաթանյանների գեղանկարչությունն ու մանրանկարչությունն են մեզ բերում մինչև այս օրը։ Նրանցից է սկսվում, պիտի անցյալ ունենաս, հենք ունենաս , որ կառուցես ներկան»։

Կապանցի գեղանկարիչներն այս ժամանակահատվածում հաճախ են բնության գրկում էտյուդներ անում, Հրանտ Էլչյանն ու Լորիկ Մինասյանը վերջերս նոր շարք էին ստեղծել՝ Խուստուփի բնանկարներով։ Այսօր Սյունիք գյուղում էին, վրձնի թեթև հպումներով կտավին հանձնելով դիմացի գեղեցիկ սարահարթն ու բլուրները, մշակութային բազմազանության միջազգային օրվա առթիվ խոսեցին նաև արժեքավոր արմատների պահպանման մասին։

Մեր մշակույթը կառավարվելու կարիք չունի․այսպես են մտածում կապանցի գեղանկարիչները
«Պետք է մեր ակունքներից բռնենք և համաշխարհային փորձն ու մշակույթը նկատի առնելով ստեղծենք մերը։ Անպայման հիմքերը նկատի առնելով։ Թորոս Ռոսլինից բռնած գալիս ենք մեր օրերը, Սարյան, Մինաս, Հակոբ Հակոբյան և շատ շատերը։ Թող մեզնից ազդվեն, ինչի մենք ազդվենք ուրիշներից, հատկապես երբ պոտենցիալն էլ ունենք։ Շատ կարևոր է, որ մեզնից սնվեն, որովհետև մեր մշակույթը շատ հզոր է»,-ասում է Լորիկ Մինասյանը։

Նոր սերնդի մեջ սեփականատիրոջ զգացում արթնացնելու համար ըստ Հրանտ Էլչյանի լուրջ կրթություն և դաստիարակություն է պետք, քանի որ, ասում է, մշակույթն է մեր շարունակությունը։

Մեր մշակույթը կառավարվելու կարիք չունի․այսպես են մտածում կապանցի գեղանկարիչները
«Ամեն մշակույթ իր ազգի կենաց ծառն է, եթե ժողովուրդը մշակույթ, մշակութային անցյալ չունի, ուրեմն ոչինչ չունի։ Ոգեղեն է, ժողովրդի ոգին է, թե ինչ է մտածում այդ ազգն ու ինչ է ներկայացնում աշխարհին։ Ես հպարտ եմ, որ ցանկացած երկրում կարող ես ասել Կոմիտաս, կամ Արամ Խաչատրյան և կճանաչեն հային»։

Իսկ թե որքանով է մշակույթի նախարարությունը նպաստում կամ խանգարում հայկական արժեքները պահպանելուն ՝ արվեստագետները դժվարանում են ասել։ Մի բան հստակ է, մեր մշակույթը կառավարվելու կարիք չունի,-կարծում են նրանք ։

Մարգրիտա Մանուկյան