Պլաստիկ շշերի աղբամաններում բացակայում են միայն պլաստիկ շշերը

Spread the love
Պլաստիկ շշերի աղբամաններում բացակայում են միայն պլաստիկ շշերը

Կապանում տեղադրված պլաստիկ շշերի համար նախատեսված աղբամաններն այսօր լի են ամեն տեսակի աղբով։ Բացակայում են միայն պլաստիկ շշերը։ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի աշխատակիցներին այդպիսի վերաբերմունքն այնքան էլ հուսախաբ չի անում, ծրագրի համակարգող Սամվել Նազարյանը լավատեսորեն է տրամադրված։

«Ոչինչ, մի անգամ, երկու անգամ ուրիշ աղբ կգցեն, հետո կիմանան դա ինչի համար է, որ չի կարելի այլ աղբ լցնել , ինձ թվում է ժամանակի ընթացքում կկարգավորվի»,-ասում է Նազարյանը։

Աղբի տեսակավորմանն ու արդի տեխնոլոգիաներով այն վերամշակելու մասին էր հիմնադրամի կազմակերպած սեմինարը, որին մասնակցում էին Կապանի քաղաքապետարանի և կոմունալ ծառայության աշխատակիցները։ Սեմինարի նպատակն էր, կոմունալի աշխատակիցների գիտելիքներն ավելացնել և նրանց մեջ ավելի պարզ պատկերացում ձևավորել, թե ինչ է նշանակում տեսակավորում, և ինչ է արվելու աղբը հավաքելուց հետո։

Հավաքված պլաստիկ աղբը վերամշակման համապատասխան արտադրամաս տեղափոխելու համար պետք է ծավալով փոքրացվի, ինչի համար էլ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը կոմունալ ծառայությանը մամլիչ սարք է տրամադրել։ Շուտով, ուսուցողական դասընթացներից հետո այն ևս կսկսի գործարկվել։ Իսկ մինչ այդ, հիմնադրամի և քաղաքապետարանի համագործակցության արդյունքում, Կապանի աղբատեղիները շարունակում են նորոգվել և թարմացվել նոր աղբամաններով։

Մարգարիտա Մանուկյան