Ամբաստանյալների հարազատների նյարդերը տեղի են տալիս

Spread the love
Ամբաստանյալների հարազատների նյարդերը տեղի են տալիս

Խաղաղ պայմաններում մահացած պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Սահակյանի ինքնասպանության գործով դատավարությունը շարունակվում է։ Սյունիքի ընդանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում կայացած նիստն այս անգամ լի էր միջնորդություններով։ Նախ դատավոր Նապոլեոն Օհանյանը մերժեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունը՝ կրկնակի դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին։ Դատախազ Գագիկ Մայիլյանը հանդես եկավ միջնորդությամբ․ դատարան հրավիրել Գերասիմ Ավդալյանին, ով դեպքի օրը գումարտակի շտաբի պետն է եղել ։

Մայիլյանն իր միջնորդությունը հիմնավորեց, որ այդ հարցաքննության ընթացքում վկան կմանրամասնի ամբաստանյալներ Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի առնչությունը Սարգիս Սահակյանի մահվան դեպքին։ Տուժող և պաշտպանական կողմերը դատարանին հայտնեցին, որ իրենք ևս նման միջնորդություն էին պատրաստել նշված վկային դատարան հրավիրելու համար,բայց այս դեպքում նրանից հատկապես դեպքի վայրի զննության արձանագրության մասին պարզաբանումներ անելու համար։

Դեպքի վայրի զննության արձանագրությանը կցված լուսանկարներում երևում է, որ ինքնաձիգը, որով ըստ մեղադրական եզրակացության Սարգիս Սահակյանը ինքնասպան է եղել, տեղաշարժված է։ Կասկածելի է նաև լուսանկարներում դիակի դիրքի փաստը։ Ուստի իրենք միջնորդությունը բավարարելուն կողմ են միայն նշված հարցերը պարզաբանելու,այլ ոչ թե դատախազի ոչ այնքան էլ պարզ հիմնավորման համար։ Քանի որ Ավդալյանը դեպքի օրը տվյալ վայրում չի գտնվել, այլ եկել է այն ժամանակ, երբ զեկույց է ստացել։

Դատապաշտպան Անի Թորոսյանը նույն հիմնավորմամբ ևս մեկ միջնորդություն ներկայացրեց, Ավդալյանի հետ դատարան հրավիրելու նաև դեպքի վայրի զննման արձանագրությունը ստորագրած երկրորդ անձին՝ Վահունի Վարդանյանին, ինչը ևս բավարարվեց։ Նախաքննությունն իրականացնող քննիչներ Հայրապետյանին և Քարամյանին դատարան հրավիրելու համար նոր միջնորդություն ներկայացրեց դատապաշտպանը, հիմնավորելով, որ իրարամերժ բազում հարցերի պատասխաններ հենց նրանցից պետք է ստանան։ Օրինակ թե ինչու փորձագետին այլ ինքնաձիգ է փոխանցվել, իսկ դեպքի վայրում առգրավվել մեկ այլ ինքնաձիգ։

«Իմ կարծիքով կարևորագույն և գործի համար առանցքային հարց է, թե ինչպես եղավ, և պատահական չէ, որ նշված ինքնաձիգի վրա ոչ մատնահետք, ոչ արյան հետք, ոչ թքի հետք, որևէ հետք չէր հայտնաբերվել։ Ինքնաձիգը կարծես թե իդեալական վիճակում հասել էր փորձագետին։ Նշված հարցերի պատասխանները , թե ինչպես Հայրապետյանը առգրավվեց 62 կնիքով, իսկ փորձագետին ուղարկեց 60 կնիքով կարող են պատասխանել միմիայն քննիչները»,-նշեց դատապաշտպանը։

Դատարանն այս միջնորդությունը ևս բավարարեց։ Բավարարվեց նաև Թորոսյանի այն միջնորդությունը, որով վերջինս դիմեց դատարան հրավիրելու դատաձգաբան Հովհաննիսյանին և դատաքիմիկոս Աղանիկյանին՝ միանգամից մի քանի առանցքային հարցերի պատասխանները ստանալու համար։ Իսկ ահա վկաներ Գոռ Մարգարյանին և Անդրանիկ Թադևոսյանին լրացուցիչ հարցաքննելու միջնորդությունը արդեն երկրորդ անգամ մերժվեց։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից անցկացված հարցման արդյունքները դեպքի վերաբերյալ այնպիսի բացահայտումներ են անում, որ կարող են հիմնովին փոխել գործի ընթացքը, սակայն այդ առթիվ առհասարակ քննություն չի իրականացվել, այդ թվում նաև Թովմաս Մնացականյանի մասով, որն այս քրեական գործում համարվում է առանցքային վկա։ Ինչպես նաև, նշված վկաները հայտնել են նախաքննության ընթացքում իրենց հանդեպ կատարված անօրինականությունների մասին։ Սակայն դատախազն իր հերթին առարկեց միջնորդությունը, դատավոր Նապոլեոն Օհանյանի որոշմամբ էլ վկաներին երկրորդ անգամ խոսելու հնարավորություն չտրվեց։

Սա կրկին հունից հանեց ամբաստանյալների հարազատներին։ Արթուր Միսակյանի հայրն ասում է, բարձրագույն կրթությամբ որդուս ուղարկեցի հայրենիքը պաշտպանելու, փոխարենը բանտում փակեցին։ Հոգնել է այս անվերջանալի թվացող դատաքննությունից, Միսակյանը նաև դժգոհում է դատախազ Մայիլյանի առարկումներից ։

«Եթե իմ երեխան մեղավոր լիներ, տասը տարի տային, կասեի քսանը տվեք։ Բա եթե միջնորդում են, էն մարդկանց բերեն, ինչի՞ա առարկում, եթե ճիշտ մարդ ա, ամեն ինչ ճիշտա, ինչի՞ ա առարկում։ Ուրեմն կամ իրեն վախեցրել են, կամ էլ կաշառել են»,-հայտարարեց Արա Միսակյանը։

Դատապաշտպան Անի Թորոսյանը նաև միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոցի վերանայման համար, քանի որ վերջիններս արդեն տարի ու կես է գտնվում են կալանքի տակ։ Այս միջնորդությունը ևս մերժվեց։

Ինչպես նաև դատախազի կողմից առարկվեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սյուզաննա Խչեյանի միջնորդությունը՝ դատարան հրավիրելու դատաբժիշկ Սևոյանին։ Վերջինիս հետ ևս պետք է պարզաբանվեին այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են Սարգիս Սահակյանի ձեռքի վնասվածքին, ինչպես նաև կրակոցից առաջացած արյան հոսքի ուղղությանը։

«Եթե ես փորձեմ նկարագրել, ընդամենը երեք շերտով է արյունը հոսել Սարգիս Սահակյանի բերանից, երկու շերտը բերանից դեպի հետ, անկյան տակ, այսինքն դա ենթադրում է, որ գլուխը եղել է հորիզոնականից ավելի ցածր դիրքում, և երրորդ շերտն արտահոսել է ուղղակիորեն հոնքերի մեջտեղով։ Ինչպես կարող է որևէ կաթիլ արյուն չհոսել առաջ , այն դեպքում երբ կրակոցից և նման վնասվածքի անցք բացվելուց հետո անմիջապե պիտի արյուն հորդի, վայրկյաններում պիտի արյուն հորդի, և մինչև գիտակցության կորուստ լինի և մինչև վայր կընկնի տղան, պիտի արդեն նրա կրծքավանդակը կամ կզակը արյունոտվեին և ինչպես պատահեց, որ լրիվ մաքուր կզակի կամ կրծքավանդակի պայմաններում արյան շերտը հոսել է դեպի հետ»,-ասել է Թորոսյանը։

Դատավոր Նապոլեոն Օհանյանը 15 րոպե ընդմիջումից հետո բավարարեց ներկայացված միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց մայիսի 22-ին , կրկին Գորիսի նստավայրում։

Մարգարիտա Մանուկյան