Կաշառքով՝ կաշառքի դեմ

Spread the love
Կաշառքով՝ կաշառքի դեմ

Երեկ համացանցում սենսացիոն տեսնայութ է տեղադրվել, այսպիսի վերնագրով․«Նվեր բոլոր նրանց, ում այս սողունը վատություն է արել»։ Տեսանյութում կաշառք է պահանջում մի մարդ, ով Կապանում հայտնի փաստաբան է, առավել ևս, Արշավիր Խալափյանը նաև «Հակակոռուպցիոն կենտրոն»-ի համակարգող է եղել։ Տեսանյութի հեղինակ Աշոտ Կույումջյանը VivaCell ընկերության Կապանի մասնաճյուղի տնօրենն է։ Վերջինս հրաժարվեց տեսախցիկի առջև խոսելուց, բայց հայտնեց, որ դիմել է քաղաքապետարան իր սեփական հողամասում ավտոտնակի կառուցապատման թույլտվություն ստանալու համար։ Սակայն չի սպասել համապատասխան փաստաթղթերին և առանց թույլտվության սկսել է աշխատանքները։

Տվյալ ՝ Ռաֆայել Մինասյան 17 շենքում է գտնվում նաև «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ Արշավիր Խալափյանի սեփականությունը, սակայն Կույումջյանի համոզմամբ, դրանք իրար բացարձակապես չեն խանգարում, հակառակ բևեռներում են գտնվում։

Այնուհանդերձ, Խալափյանը մի քանի դիմում է ներկայացրել քաղաքապետարան՝ բնակիչների անունից բողոքելով, որ ավտոտնակի կառուցման աշխատանքները դադարեցվեն։ Մինչդեռ շենքի բնակիչներն էլ ստորագրել են Աշոտ Կույումջյանի դիմումը, որ համաձայն են։ Այս առթիվ էլ վերջինս հանդիպում էր կազմակերպել և գաղտնի նկարահանել, թե ինչպես է փաստաբանը դիմումի ընթացքը կասեցնելու համար 1500 ամն դոլարի բնամթերք պահանջում։ Ասում է, նպատակն այն չէ, որ անվերջ կոռուպցիայի դեմ պայքարող փաստաբանը քրեական պատասխանատվություն կրի, միայն ցանկացել է դիմակը պատռել և համաքաղաքացիներին ցույց տալ հակառակ պատկերը։

Իհարկե նման դեպքերում ցանկալի է լսել նաև երկրորդ կողմի պարզաբանումը, սակայն Արշավիր Խալափյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց, մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարեց․
«Առայժմ ձեռնպահ եմ մնում որևէ մեկնաբանություն տալուց, բայց այդ քայլը անհետևանք չի մնա»։

Մարգարիտա Մանուկյան