Օձերն ու լորտուներն էլ են ուզում տաքանալ

Spread the love

Հայաստանում հանդիպած 21 տեսակի օձերից իժերի 4 տեսակներն են թունավոր համարվում։ Դրանցից անդրկովկասյան գյուրզան՝ ամենավտանգավոր տեսակը, Կապանում ամենից շատն է աչքի ընկնում։ Օրերս 19-ամյա Իննա Մանուկյանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի բակում փոքրիկ գյուրզա է սպանել։ Ասում է, մորաքրոջ հետ այգում հաճախ են հանդիպել, նրանից է սովորել թունավոր սողունի «հախից գալը»։ Օձերը, որպես անհետացող սողունների տեսակ, գրանցված են կարմիր գրքում և ըստ այդմ ահազանգերի դեպքում Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները ոչ թե սպանում, այլ բռնում և մեկ այլ անմարդաշատ վայրում բաց են թողնում։ Բնականաբար , Իննան նույնն անել չէր կարող, ասում է, սպանել էլ չէր ուզում, սակայն այդ հատվածով երեխաներ և ուսանողներ են անցնում,մտածել է, որ հաստատ որևէ մեկին կվնասեր։

Եղանակը տաքանալուն պես Կապանի փողոցներում, օրվա շոգ ժամերին, մարդկանց զուգահեռ սկսել են զբոսնել օձերն ու լորտուները։ Հատկապես Շինարարների թաղամասից քաղաքի կենտրոն հասնող աստիճանաշարն է, որ կապանցիներին անհանգստանալու առիթ է տալիս։ Այստեղով անցնող մարդիկ բողոքում են․«Ամեն առավոտ օձերին բարի լույս ենք ասում»։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուրը գիտի անվտանգության ու խայթոցի դեպքը կանխարգելելու կանոնը՝ չտրորել և չանհանգստացնել, ետ դառնալ նույն ճանապարհով, որով եկել է և ուշադիր լինել։

Օձերն ու լորտուներն էլ են ուզում տաքանալ
Օձերի արշավանքից անմասն չեն մնում նաև կենտրոնական փողոցները։ Լուսանկարի լորտուն երկու օր է Թումանյան փողոցի նույն հատվածում է ման գալիս և նրա դեմ դեռևս ոչ մի բողոք Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը չի ստացել։ Գուցե այն պատճառով, որ մարդիկ գիտեն, լորտուներն անվնաս են, անգամ ասում են, որտեղ լորտուներն են, այնտեղ օձեր չեն լինում։

Կապանցի Սվետա Հարությունյանը ամուսնուն այգի ճանապարհելիս, ապահովության համար մշտապես ներարկիչ է դնում գրպանում, և այն էլ ծայրը կտրած, որ հարկ եղած դեպքում,վերջինս կարողանա ինքն իրեն առաջին օգնություն ցուցաբերել։ «Մեր այգին գետի հովտում է, գրեթե ամեն օր նկատում եմ , որ խոտերի մեջ շարժ կա։ Բայց մի կողմից հանգիստ եմ, որովհետև այգում նաև լորտու եմ նկատել, չեմ քշում, գուցե ինչպես ասում են, դրա ներկայությունից էլ օձեր չգան»,-ասում է տիկին Սվետան։

Կապանի բժշկական կենտրոնում էլ, բարեբախտաբար, դեռևս օձի խայթոցի դեպքեր չեն գրանցվել։

Մարգարիտա Մանուկյան
Լուսանկարը՝ Նելլի Միրզախանյանի