Թրքուհի՜, դու կարող ես արդարության ու ճշմարտության ջահակիրը դառնալ…

Spread the love
Թրքուհի՜, դու կարող ես արդարության ու ճշմարտության ջահակիրը դառնալ...

Այսօր Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության Պետական համալսարանի ուսանողները ծաղիկներով , ցեղասպանությանը նվիրված պաստառներով եւ նկարներով քայլերթ էին կազմակերպել դեպի ցեղասպանությունը հավերժացնող հուշահամալիր: Ուսանողներից մեկը անցորդներին էր բաժանում թղթի վրա տպագրված ցեղասպանությանը նվիրված մի բանաստեղծություն:

«Նոյյան Տապան»-ի թղթակցին նույնպես տրվեց այդ թերթիկից, ով հասնելով խմբագրություն, աշխատակիցների հետ ընթերցելով բանաստեղծությունը մեծ հուզմունք ապրեցին, եւ որոշեցին երիտասարդ ուսանողուհու` Գրետա Արսենյանի գրած «Նամակ թրքուհուն» բանաստեղծութունը ներկայացնել մեր ընթերցողին.

Նամակ թրքուհուն

Որպեսզի ցավս մի քիչ հասկանաս, լինես սրտակից,
Դու միայն լսիր, լսիր ու ներիր, հոգուդ այսքան բեռ դնելու համար:
Թրքուհի, դու` որ մայր ես, քույր, դուստր ու թեկուզ` մեծ մայր.
Ի զարմանս քեզ , անեծք չեմ հղում ես իմ շուրթերից,
այլ միայն աղոթք ` հոգուդ փրկության ու ազգիդ համար:
Լսիր թրքուհի, երբ կհարսնանաս,
Հարսի քողի տակ թողություն խնդրի հայուհիներից`
Չհարսնանալու, թափած արցունքի ու արյան համար,
Դու օրհնիր հային , օտար հայուհուց դու ներում հայցիր`
ամեն կործանված, անարգված, խեղված ճակատագրի,
չծնված հայի ու մանկան համար:
Երկունքիդ ցավը մարելու պահին
դու ապաշխարհիր, դիմիր ալլահիդ,
աղոթք մրմնջա ` նորածին որդուդ ու հայի համար:
ու հենց որ լսես քո մանկան ճիչը,
աղոթիր աստծուն, աղերսիր, հայցիր,
ապուպապերիդ հանցանք-ոճիրի , գործած մեղքերի
թողության համար,
մեր չմայրացած հայ աղջիկների ,
նրանց կորստի ու ցավի համար:
Աղոթքիդ ժամին հաճախ մրմնջա `
մեղա քեզ, մեղա…
Թրքուհի, դու մայր, դուստր, քույր, մեծ մայր,
Դու մեղավոր չես , բայց դեռ կարող ես
արդարությանն ու ճշմարտությանը ջահակիր դառնալ…
…ու թե այցելես ազգիդ թանգարան,
ու թանգարանում յաթաղան տեսնես, կամ զենք ու զրահ,
Մի հպարտացիր , քանզի յաթաղանն էլ հայելու նման
հիշում է աչքերն ու արյան հոտը հայ անմեղ մանկան…
Որպեսզի հոգիդ մեղքից ազատես ու անեղծ պահես ,
դու այսուհետեւ հայ մանուկների եթե հանդիպես,
շոյիր գլուխը, փայփայիր սրտանց ,
ինչպես քո որդուն դա դա կանեյիր,
խոստանումեմ քեզ, զոհի խարանը ինձնից կվանեմ ,
նույնն էլ ես կանեմ…

Գրետա Արսենյան
Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության
Պետական համալսարանի ուսանողական խորհուրդ

http://nt.am