Արաքսավան․ նոր հույսեր

Spread the love
Արաքսավան․ նոր հույսեր

Գայանեն Արաքսավանի ամենափոքրիկ բնակչուհին է՝ ընդամենը 7 ամսական ։ Արաքսի հովտում, Արցախի Հադրութի շրջանում հիմնադրված նոր բնակավայրի առաջին ծնունդն է նա։ Արցախյան պատերազմի ժամանակ արյունով են ազատագրվել հողերը, որոնց այժմ ղեկավար մարմինները փորձում են կենդանություն տալ՝ նորաստեղծ ընտանիքներին հրավիրելով և աշխատանք ու կացարաններ տրամադրելով։ Սոնա Վարդանյանի ընտանիքն արդեն երկու տարի է Արաքսավան է տեղափոխվել։ Արարատի մարզի Լուսառատ գյուղից են, ամուսնացել են և Արաքսավան հասել՝ աշխատանք և բարեկեցիկ կյանք ունենալու հեռանկարով, հետո իրենց են միացել նաև ընտանիքի մյուս անդամները։ Այս փոքրիկ տնակում 5 հոգով են ապրում։

«Եկել ենք այստեղ ապրելու, հող մշակելու, հուսանք նոր բացված գործարանում էլ կաշխատենք ։ Մեծ հույսերով ենք եկել։ Իմ ամուսինը մասնագետ է և հաստատ էս տարածքի համար պետք են նման մարդիկ, որ այս բնակավայրը շենացնեն»,-ասում է երիտասարդ տանտիրուհին։

Կարինե Ղազարյանն ամուսնու հետ Քաշաթաղից է տեղափոխվել այստեղ։ Արաքսավանում երկուսով նոր կառուցվող տոմատի գործարանում են աշխատելու։ Մեծ հույսեր են կապում և՛ այդ աշխատանքի և՛ Արաքսավան բնակավայրի հետ։ Տնակի տիրուհին ասում է․ բնության այս անկյունում ապրելն իր համար ոչ միայն հաճելի է, այլև առողջարար։

«Ես մի քիչ առողջական խնդիրներ ունեի, էստեղ պատկերացրեք, որ դեղեր չեմ խմում։ Շաքարն էն հիվանդություննա, որ ուզած-չուզած պիտի խմես, բայց իսկապես չեմ խմում։ Մինիմալ պայմաններ ստեղծել ենք ապրելու, շուտով որ տունը կառուցեն, սիրուն, բարեկեցիկ կյանք կունենանք»։
Արաքսավան․ նոր հույսեր
Շուտով ժամանակավոր կացարանները կփոխարինվեն քարե տներով։ Դրանք ևս անվճար կտրամադրվեն համայնքի աշխատակիցներին։ Տիկին Կարինեն ասում է, այստեղ ամեն պայման ստեղծում են, որ մնալը հաճելի լինի։ Ուշադրության պակաս չեն զգում,իրենց բարեկեցիկ ապագան հենց այստեղ են պատկերացնում։

«Շատ վաղուց մոռացված բան էր ուշադրություն դարձնել բնակչին, մարդուն, մոտենալ հարցնել ինչպես եք, ինչով օգտակար լինենք, էդ մոռացված մի հասկացություն էր էլի, բայց ստեղ ղեկավարությունը իրոք չեք պատկերացնի ռուսի խոսքով ասած «мы в восторге»:

Թշնամուց ազատագրված այս տարածքում հիմնվող բնակավայրն արդեն բուժկետ ունի։ Բնակիչներին խոստացել են՝ շուտով մանկապարտեզ և դպրոց կկառուցեն։ Նաև խանութ չկա, անհրաժեշտ ապրանքներն ու սնունդը հարակից Ջաբրաիլից են ձեռք բերում։ Բայց չեն տրտնջում, համբերատար սպասում են Արաքսավան բնակավայրի կայացմանը։

Մարգարիտա Մանուկյան