Խոսք պարի լեզվով

Spread the love
Խոսք պարի լեզվով

Մարմնի և հոգու ներդաշնակություն: Երևի թե հենց սա է պարի դիպուկ բնորոշումը: 1982 թվականից ի վեր ապրիլի 29–ը ամբողջ աշխարհում նշվում է որպես պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերրի ծննդյան օրվա: Օրը տոնական էր նաև Կապանում:

Կապանի մշակույթի կենտրոնի պարային խմբերը հանդիսատեսին ներկայացրին տարբեր ոճի պարեր: Պարը ոչ միայն արվեստ է, այլև առողջ ապրելակերպ, գեղեցիկ կազմվածք,- այս կարծիքին է մշակույթի կենտրոնի ավագ պարուսույցը:

Պարարվեստում իրենց առաջին քայլերն անող այս փոքրիկների համար ամեն ինչ դեռ առջևում է: Շուրջ 30 տարի է ինչ դասավանդում եմ, ասում է պարուսույցը,- փորձում ես անել հնարավորը իմացածդ սերունդներին փոխանցելու համար, սակայն դա բավարար չէ տպավորիչ պար ստանալու համար: Անհրաժեշտ է տքնաջան աշխատանք, լավ բեմադրություն, գեղեցիկ հագուստ և իհարկե հոգի:

Խոսել պարի լեզվով, սա եմ փորձում սովորեցնել սաներիս, այս կարգախոսով է առաջնորդվում «Պարի աստղեր» համույթի գեղարվեստական ղեկավարը: Սա մի լեզու է, որը թարգմանության կարիք չունի, այն պետք է զգալ ու ապրել դրանով:

Նշենք նաև, որ 1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: Տարիներ շարունակ աշխարհով մեկ սփռվող Պարի միջազգային օրվա ուղերձը հեղինակում է պարարվեստի որևէ ականավոր ներկայացուցիչ:

Խոսք պարի լեզվով

Լիլիթ Գևորգյան