Ցեղասպանության 99-րդ տարելիցի առթիվ Կապանում նույնպես կազմակերպվել էր ավանդական ջահերով երթ

Spread the love
Ցեղասպանության 99-րդ տարելիցի առթիվ Կապանում նույնպես կազմակերպվել էր ավանդական ջահերով երթ

Բավ է ինչքան լաց եղանք, ժամանակն է ցույց տալու մեր իրական ուժն ու համախմբվածությունը, մեր միասնությունն ու նախանձախնդրությունը, այսպես է այսօր մտածում հայ երիտասարդը: Դա ևս մեկ անգամ ապացուցեց հայոց մեծ Եղեռնի նախօրեին Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության Կապանի «Ռոստոմ» և «Արամ Մանուկյան» կոմիտեների նախաձեռնած ավանդական ջահերով երթին միացած երիտասարդների բազմությունը: Անկախ կուսակցական պատկանելությունից այս հրապարակում բոլորը միասին են և մեկ նպատակ ունեն՝ հատուցում պահանջել:

«Եւս մեկ անգամ խնկարկել ցեղասպանության զոհերի հիշատակը, ցույց տալու աշխարհին և ցաղասպան Թուրքիային , որ մենք պահանջատեր ենք, մենք չենք ողբում, մենք պահանջում ենք, մենք պահանջում ենք հատուցում, մեր հողերի վերադարձ, բարոյական, ֆինանսական: Սա է միջոցառման խորհուրդը», – շեշտեց ՀԵՄ-ի պատասխանատու Վահագն Մովսիսյանը:

Նախաձեռնությանը միացել էին մարզկենտրոնում գործող տարբեր հասարակական կազմակերպություններ: Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդն ու Կանանց ռեսուրս կենտրոնն առաջին անգամ էին մասնակցում երթին: Երկու կառույցներն էլ նույնպես պնդում են, որ այս օրերին պետք է հաղթահարել վիշտը և միմիայն միասնությամբ քայլել դեպի հաղթանակ:

«Սա շատ լուրջ միջոցառում է, այսօր և վաղը բոլորս սգում ենք 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակն ենք փորձում վառ պահել: Այս միջոցառման մեջ կարևորում եմ մեկ բան, որ մենք բոլորս պարտավոր ենք ցույց տալ մեր միասնական լինելը»,- ասում է ԿՔԿԵԽ-ի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանը:

«Սա ցույց է տալիս, որ մենք կանք, որ մենք ինչքան ուժեղ ենք, որ մենք բոլորս կարող ենք համախմբվել և ունենալ արդյունք, որին ամբողջ աշխարհը չի սպասում, բայց ես հավատում եմ, որ մենք մի օր այդ արդյունքը կունենանք»,-համոզված է Կապանի կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ-ի նախագահ Քրիստինե Սաղաթելյանը:

Կապանի պետթատրոնի երիտասարդ դերասանները ևս շեշտեցին. Այսօր իրենք վրեժխնդիր են և պահանջատեր:

«Պահանջատերն ենք մեր կորցրած հայրենիքի, պահանջատերն ենք մեր պատվի և ի լուր աշխարհի այս ամենն էլ հայտարարում ենք: Եվ նույնիսկ այսօրը Եղեռնի նախօրեին տխուր չենք ոչ մեկս, բոլորիս աչքերը նաև վրեժով են լցված, վրեժով են տոգորված հանուն մեկ նպատակի ու գաղափարի՝ կորցրած հայրենիքի և հայ դատի, որը շատ շուտով համոզված ենք, որ իրականություն է դառնալու»,- վստահ է Արթուր Գաբրիելյանը:

Կապանցի ջահակիրներն անցան քաղաքի կենտրոնական փողոցներով և իրենց հետ գետնով քարշ տված Թուրքիայի դրոշն այրեցին Բաղաբուրջի հուշահամալիրում:

Մարգարիտա Մանուկյան