Մեկնարկել է «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցույթի տարածաշրջանային փուլը

Spread the love
Մեկնարկել է «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցույթի տարածաշրջանային փուլը

Մեկնարկել է «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցույթի տարածաշրջանային փուլը։ Առաջին փուլում ամեն դպրոցից ընտրվել են 5 լավագույն աշակերտներ, 2 աղջիկ 3 տղա, ովքեր կշարունակեն պայքարել իրենց դպրոցի անունն առաջատարների շարքերում գրանցելու համար։ Նառա Սաֆարյանը դպրոցի հեղինակության համար առաջին մրցույթում չէ որ ջանք չի խնայում։ Աղջիկը դասարանային փուլում բարձր ցուցանիշ ուներ, և դրան չի խանգարել այն, որ ձախլիկ է ։

«Այս տարի 23-րդ սպորտլանդիայում բոլոր ձևերից էլ մասնակցել եմ , աթլետիկայում գրավել եմ երկրորդ տեղը, հիմա էլ վերջին ռազմագիտության մրցումներն են, ինձ թվումա նորմալ եմ մասնակցել»։

Աշակերտները ոգևորված են, նախնական զինվորական պատրաստականության ուսուցիչներն առավել ևս։ Այնուամենայնիվ, բոլոր դպրոցները չէ, որ մասնակցելու հնարավորություն ունեն։ Այս խնդիրը լուծելու համար Սյունիքի մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչությունը քայլեր է ձեռնարկել։

«Ընդհանուր մասնակցել է 17 դպրոց, բայց լավագույն դպրոցներից մեկը, որը չի մասնակցել, դա բացատրում է նրանով, որ օդամղիչ հրացան չունի։ Հարցը մասնակցել- չմասնակցելը չէ, այլ այն , որ երեխան չի կարողանում տիրապետել զենքին, իսկ դա այսօր օդի ջրի պես պետք է։ Դիմել ենք նախարարությանը, ինձ թվում է մոտ ժամանակներս այդ հարցը կլուծվի»։

Ինչևէ, մասնակից դպրոցների աշակերտների զենքին տիրապետելու հմտությունը ուրախացնում է ոչ միայն ուսուցիչներին, այլև մրցավար Ստանիսլավ Հակոբյանին։

«Բոլոր դպրոցների երեխաները արդեն իրենց կրակային պատրաստությունը լավ վիճակում է, արդեն պատրաստում ենք երեխաներին քննությունների համար»։

Մարզային փուլը կանցկացվի ապրիլի 29-ին կրկին մանկական զբոսայգու հրաձգարանում։ Հաղթող դպրոցները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կպարգևատրվեն պատվոգրերերով և կպատրաստվեն հանրապետական փուլին։

Մարգարիտա Մանուկյան