Կապանի Շինարարների համար 16 շենքի բնակիչները խնդրում են օգնել իրենց ազատվելու հակասանիտարական վիճակից

Spread the love
Կապանի Շինարարների համար 16 շենքի բնակիչները խնդրում են օգնել իրենց ազատվելու հակասանիտարական վիճակից

Կապանի Շինարարների թաղամասի խնդիրները անվերջանալի են թվում: Այս անգամ էլ խմբագրություն էին զանգահարել Շինարարների համար 16 շենքի բնակիչները: Հարևանների խնդրանք-բողոքը մեկն է՝ օգնել իրենց ազատվելու հակասանիտարական վիճակից: Տարեց ու առանց խնամքի մնացած հարևանների ոչ սանիտարահիգիենիկ ապրելակերպից մյուս բնակիչներն են տուժում։ Եղանակներն արդեն տաքացել են և պատուհանները բաց թողնել հնարավոր չէ,- ասում են հարևանները, գարշահոտությունը տարածվել է բոլոր հարկերում, կրծողներն ու խավարասերներն էլ շենքի մշտական բնակիչներ են դարձել։

Էմմա Պողոսյանը նույն հարկի բնակիչ է, ասում է հարևանի տանը բացակայում են անգամ տարրական կենցաղային պայմանները, սանհանգույցը եղած չեղած մի հաշիվ է, գարշահոտության դեմ փորձել եմ սեփական միջոցներով պաշտպանվել՝ երկու դուռ եմ դրել, բայց ապարդյուն։

Հարևանների խոսքով խնդիրը միշտ էլ եղել է, բայց ոչ այս աստիճան։ Ամուսինը աղբը տանում թափում էր, սակայն 5 տարի առաջ ջարդեց ոտքը և հենց տանը՝ առանց բժշկական օգնության բուժվեց։ Կինն էլ ասում է առողջությունս չի ներում, կռանալիս ոտքերս ցավում են ի վիճակի չեմ մաքրությամբ զբաղվել։ Ժամանակին տանտերերի հարազատներից մեկը գալիս էր տիրություն անում, ժամանակ առ ժամանակ կոմունալ ծառայության մեքենան բերում, բանվորների օգնությամբ աղբը տնից դուրս էին հանում, իսկ հիմա խնամակալն էլ է հիվանդ և այլևս ի վիճակի չէ։ Արդեն մոտ 1 տարի է տնից աղբ դուրս չեն հանել։ Մինչ այս դիմել ենք մի շարք կառույցների, ասում է հարևանուհին, բայց հարցը առանց լուծման է մնացել, հիմա կրկին խնդրում ենք քայլեր ձեռնարկել այս վիճակից դուրս գալու համար։

Իսկ ահա քաղաքապետարանից հայտնում են, որ իրենք որևէ գրավոր դիմում չեն ստացել։ Շենքի բնակիչների կողմից գրավոր դիմում ստանալու դեպքում պատրաստ են խնդրին ընթացք տալ։ Նույն պատասխանը ստացվեց նաև առողջապահական պետական տեսչությունից։

Կապանի Շինարարների համար 16 շենքի բնակիչները խնդրում են օգնել իրենց ազատվելու հակասանիտարական վիճակից

Լիլիթ Գևորգյան